«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի քրեական գործում տարբեր վարկածներ են քննարկվում պայթյունի պատճառի վերաբերյալ, սակայն այս պահի դրությամբ չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ այլ որևէ դիտավորյալ հանցագործության հանցակազմի առկայության վերաբերյալ: Այդ մասին Կառավարության նիստին ասաց Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ այնտեղ ահաբեկչական գործողության տրամաբանությունը բացառվում է: «Տեսնում ենք՝ ծուխ կա, փախչող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն, և, ըստ էության, նաև վիզուալ տեղեկությունը, որ մենք ունենք, գրեթե բացառում է այդ հանգամանքը»,- նշեց վարչապետը:
Արգիշտի Քյարամյանը հավելեց, որ այս պահի դրությամբ քրգործում առկա ապացույցներն ավելի շատ վկայում են անզգուշության ձևով տեղի ունեցող հանցագործության վերաբերյալ:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դեպքից հետո առաջին հարցը, որ իր մեջ ծագում է, հետևյալն է, թե ինչ չի արել Կառավարությունը կամ ինչն այնպես չի արել, որպեսզի հնարավոր լինի բացառել կամ կանխել նման զարգացումը: «Պիտի տեղեկացնեմ ձեզ, որ դեռևս 2020 թվականի օգոստոսին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո ես հանձնարարական եմ տվել համապատասխան գերատեսչություններին, որ հավաքեն տեղեկատվությունը բոլոր հնարավոր այն օբյեկտների, ընկերությունների վերաբերյալ, որոնք գործ ունեն պայթյունավտանգ նյութերի հետ, և այն օբյեկտների վերաբերյալ, որտեղ կարող են լինել մեծ քանակի պայթյունավտանգ նյութեր, և, իհարկե, դեպքից հետո առաջին գործողություններից մեկը՝ հաշվետվություն եմ փորձել ստանալ տրված հանձնարարականի կատարման վերաբերյալ: Այս պահի դրությամբ այդ մասով տեղեկատվությունն ամփոփվում է, բայց նաև պետք է հանձնարարեմ՝ Պետական վերահսկողական ծառայությունը կոնկրետ իրականացնի ուսումնասիրություն և ինձ զեկուցի ամբողջական, թե 2020 թվականի օգոստոսի իմ տված հանձնարարականն ինչպես է կատարվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: