Կլիմայի փոփոխություններն ու գլոբալ տաքացումը շարունակում են զարգացած երկրների օրակարգային խնդիրներից մնալ: Անկախ աշխարհաքաղաքական գործընթացներից՝ Եգիպտոսում կայանալիք Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի 27-րդ համաժողովում ՄԱԿ-ի անդամ 100-ից ավելի երկիր մեկ սեղանի շուրջ կքննարկի 10-ից ավելի օրակարգային հարց, որոնցից 6-ի վերաբերյալ Հայաստանն իր դիտարկումներն է նախապատրաստել:
Ջերմոցային գազերի արտանետումից մինչև պարենային անվտանգություն՝ համաժողովի օրակարգը լայն է: Այս անգամ ուշադրության կենտրոնում կլինի Գլազգոյում կայացած նախորդ համաժողովին կայացրած որոշումը. զարգացած երկրները բնապահպանական խնդիրների լուծման համար պարտավորվել են տարեկան 100 միլիարդ դոլար տրամադրել զարգացող երկրներին։
Գայանե Գաբրիելյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ) - Այս պահի դրությամբ այդ խոստումն այդքան էլ արդյունավետ չի իրականացվում զարգացած երկրների կողմից և տոկոսային հարաբերակցությամբ կազմում է 7-8 տոկոս գումար:
Գլոբալ տաքացման մեղմում, հարմարվողականություն, ֆինանսավորում և գործակցություն. համաժողովի հիմնական թիրախներն են լինելու: Նախորդ ֆորումին երկրները մոլորակի ճակատագրի համար կարևոր որոշումներ են կայացրել։ Օրինակ՝ ամրագրվել է դադարեցնել նույնիսկ արտադրական ծառահատումները, նաև՝ հասնել մեթանի կրճատմանը:
Փոխնախարարը Գաբրիելյանը նկատում է, որ Հայաստանը շրջակա միջավայրին վերաբերող մի շարք օրենքներում փոփոխություններ է նախաձեռնել:
Գայանե Գաբրիելյան - Ցածր ածխածնային օրակարգի շրջանակներում գույքագրում ենք իրականացնում, երկու տարին մեկ պարտավորվածություն ունենք հաշվետվություն ներկայացնել, թե ինչքանով է նվազել:
Կլիմայի գլոբալ տաքացումը չի շրջանցելու ոչ մի երկիր, Հայաստանն էլ բացառություն չէ։
Փոխնախարարը նկատում է՝ գլոբալ տաքացումը կանխելու հարցում չնայած մեր երկրի ներդրումը փոքր է, բայց փոխարենը՝ հնարավոր հետևանքները պակաս ծանր չեն լինելու։ Հայաստանում ջերմաստիճանն արդեն իր սովորականից 1,3 աստիճան բարձր է:
Այնուամենայնիվ, դեռ կան ոլորտներ որտեղ փոփոխության հնարավորություն կա: Կրիտիկական կետին չհասնելու համար պետք է հետևել շինարարական նորմերին, չաղտոտել ջրային ավազանները, չհատել անտառները, մեծ է նաև հասարակության դերը:
Գայանե Գաբրիելյան - Յուրաքանչյուրս մի բան պետք հասկանանք` եթե այսօր աղբը նետեցի բաց ջրավազան, մի քայլ ավելի մոտեցա գլոբալ աղետին, ինչպիսի աղետ կլինի, ոչ մեկս չենք կարող կանխատեսել:
Երկրաշարժեր, փոթորիկներ, կարկուտներ և հրդեհներ. սրանք գլոբալ տաքացման հետևանքներից ընդամենը մի քանիսն են: Օդի մաքրման տեսանկյունից Հայաստանն առաջընթաց չունի, ավելանում են նաև բնական աղետները: Փոխնախարար Գաբրիելյանի խոսքով՝ տարածաշրջանը, այդ թվում՝ Հայաստանն, այսօր կանգնած են անապատացման մարտահրավերի առջև, խստացվել են ջրօգտագործման կանոնները:
Հեղինակ` Անի Օհանյան