ՀՀ Սյունիքի մարզի Որոտան-Խոտ ավտոճանապարհի վերակառուցման պահանջով պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Արդյունքում կվերակառուցվի Մ 2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի խնդրահարույց հատվածը շրջանցող Որոտան-Խոտ ավտոճանապարհը, ինչպես նաև ֆինանսական միջոցներ կնախատեսվեն այդ ճանապարհահատվածի վերակառուցման համար։
Ըստ այդմ՝ առաջարկվում է Որոտան-Խոտ ավտոճանապարհի վերակառուցման շինարարական աշխատանքները ձեռք բերել «Ճանապարհ» ՍՊԸ-ից, իսկ նշված աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունները ձեռք բերել այդ ծառայության իրականացման համար նվազագույն գին առաջարկած «Մոդուլ» ՍՊԸ-ից:
Մասնավորապես, նախատեսվում է վերաբաշխման միջոցով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը Որոտան-Խոտ ավտոճանապարհի վերակառուցման նպատակով 2022 թ. շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռք բերման համար հատկացնել 2,294,364,634 ՀՀ դրամ, որից՝ 2,259,074,648 ՀՀ դրամը՝ շինարարության իրականացման համար, տեխնիկական հսկողության համար՝ 21,129,427 ՀՀ դրամ և հեղինակային հսկողության համար՝ 14,160,559 ՀՀ դրամ։