ՀՐԱՎՏԱՆԳ ՆՅՈՒԹԵՐԻ ԱԶԱՏ ՎԱՃԱՌՔԸ ԿԱՐԳԵԼՎԻ
Հրավտանգ նյութերի ներմուծումը, արտադրությունը և օգտագործումը պետք է իրականացնեն միայն լիցենզավորված կազմակերպություններ, կարգելվի դրանց ազատ վաճառքը: Վարչապետը հանձնարարել է կանոնակարգել ոլորտը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ գաղափարն ավելի վաղ է եղել, որոշումը հետաձգվել է պատերազմի, քովիդի պատճառով:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Չենք ասում՝ երկրում պիտի չլինի, այդ թվում՝ մասնավոր առիթներով, բայց և՛ ներմուծումը, և՛ պահեստավորումը, և՛ անվտանգության ապահովումը, և՛ օգտագործումը, բոլորս իրավունք չունենք հրավառության նյութ առնենք, տանենք օգտագործենք: Եթե լիցենզավորված կազմակերպություն պետք է լինի, որը անվտանգության ստանդարտներին համապատասխանի, ով կուզի վճարի, գա մասնագետը անի:
«Սուրմալուի» ողբերգական դեպքին, հակահրդեհային կանոնների պահպանմանն ու անվտանգային խնդիրներին Կառավարության նիստում վարչապետը կրկին անդրադարձավ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ և մի շարք այլ օրենքներում փոփոխությունների փաթեթի քննարկմանը:
ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՆԴԵՊ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԽՍՏԱՑՎԻ
Կխստացվի փողոցային առևտրի հանդեպ հսկողությունը:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Քաղաքապետարանի գործընկերներն են աշխատում նախագծի վրա, առաջարկում են ոչ միայն վարչական տուգանք կիրառել, այլ նաև ապրանքները, որ կհայտնաբերեն, իրավունք ունենան, եթե բառը ճիշտ եմ ասում՝ առգրավել, հետո իրավական գործընթաց սկսել, փորձել կանխել փողոցային այն հատվածը, որը չի կարելի:
Երևանի քաղաքապետի խոսքով՝ խնդրի լուծման համար գործիքակազմը բավարար չէ: 90 տոկոս դեպքերում տուգանքներ չեն կարողանում գանձել՝ տվյալ անձանց անունով գույք չունենալու պատճառով: Չսահմանված վայրերում առևտրի դեմ, ըստ Սարգսյանի, քաղաքապետարանը միջոցներ է ձեռնարկում, սակայն ժամեր անց երևույթը կրկնվում է:
Հրաչյա Սարգսյան (Երևանի քաղաքապետ) - Սննդին է վերաբերում, խաղալիքներին, կենդանիներին, արդեն կենդանի են վաճառում: Միգուցե էդքան մեծ մասշտաբով չէ, բամբակ են վաճառում՝ փոքր գազի բալոնով, Հյուսիսային պողոտայում, Աբովյան փողոցում, չգիտենք՝ ինչ տեխնիկական անվտանգություն է ապահովում:
Վարչապետի խոսքով՝ պետք է սահմանվեն չափորոշիչներ: Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ դրանց բացակայությունն ընդգծվում է հատկապես աղետների դեպքում:
Նիկոլ Փաշինյան - Եթե մենք սկզբունքային էս գիծը շարունակենք, հազարավոր օբյեկտներ Հայաստանում ուղղակի պետք է դադարեցնեն գործունեությունը, և այստեղ գալու է հարցը՝ բա էդքան մարդ ընտանիք ա պահում, հացի փող ա աշխատում: Հաջորդ փուլում, ահա, բիզնեսը փակում են, որ վարչապետի հորեղբոր տղու դասարանցին բիզնես դնի, չգիտեմ էսինչի լոբբինգն են անում: Ամեն անգամ բախվում ենք, ոնց կլնի՝ տնտեսության կեսը փակենք: Եկեք որոշենք, չթողենք աղետը գա: Նույն 44-օրյայի վիճակն ենք քննում, ինչու ենք կոմպրոմիսին համաձայնել, ասել ենք՝ եկեք բանակին բան չասենք, ամեն անգամ կոմպրոմիսը մեր գլխին պայթում է: Կենդանիների վաճառք, համավարակը, գիտեք՝ ոնց է տարածվել, ապօրինի վաճառքի պատճառով: Համաճարակ կլինի, կասեն՝ բա կառավարությունը չէ՞ր մտածում, պայթյուն լինի, երեխա կտուժի, լավ, եկեք որոշենք, որ երկրում ստանդարտներ են լինելու:
Նոր ստանդարտները պետք է ապահովեն սննդից մինչև տեխնիկական անվտանգություն՝ նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյան - Պետք է դադարեցնել, կասեցնել: Օրենքը հնարավորություն է տալիս առգրավել, եթե դատարանը որոշի՝ սխալ է վարչական մարմինը գործել, պատասխանատվություն կկրի: Նայում ես կարուսելներին, աղետների նախանշան է, որ մի աղետ ունենալու ենք: Ուր գնում, ասում են՝ երևի այգին ուզում եք վերցնեք, ուրիշին տաք: Երկրի առաջ պրոբլեմները ծագել են կոմպրոմիսների պատճառով՝ բա մարդիկ տուն են պահում, պետք է դադարեցնել սա, հստակ գնանք ստանդարտ ունենալու ճանապարհով: Աղետներ, որ ունենք, անորակ իրականության հետ կոմպրոմիսի հետևանք է: Կոմպրոմիսների՝ որ, լավ է, եկեք բան չասենք ու տենց սրբազան ինստիտուտներ, սրբազան տանիքի տակ՝ ով ինչ կարեցել, արել է, ու մենք այդ իրականության տակ ենք:
757 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ
757 միլիոն դրամ կհատկացվի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի 15 բնակավայրում 15 սուբվենցիոն ծրագրի համար:
Գնել Սանոսյան - Մինչ այս պահը մենք 273 ծրագրի համար վճարել ենք, 288 կդառնա, գումարը 8 մլրդ 65 մլն, որ Կառավարությունը իր մասնաբաժինը հատկացնում է:
Վարչապետը ներկայացրեց իրականացված ծրագրերը՝ լուսավորության ցանցի անցկացումից մինչև համայնքային նշանակության շենքերի վերակառուցում, գազիֆիկացման, պոմպակայանի կառուցման աշխատանք, փողոցների նորոգում, նախակրթարանի կառուցում, գյուղտեխնիկայի ձեռքբերում: Վարչապետն առաջարկել է բարեկարգման աշխատանքներում բետոնե սալիկների փոխարեն դիտարկել քարի օգտագործման հնարավորությունը:
Նիկոլ Փաշինյան - Հանձնարարել եմ դիտարկել քարի օգտագործումը, գնային ավելացում կունենանք, քաղշինին համաձայնել եմ, որ հաշվարկ ունենանք շահագործման ժամկետի: Ակնհայտ է, որ քարով արված աշխատանքը առնվազն երեք անգամ ավելի կյանք ունի:
Արմեն Ղուլարյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ) - Ձեր նոր հանձնարարականը տվյալ տարածքին հարազատ նյութ օգտագործենք՝ բազալտը, գետաքարեր, կրաքարեր օգտագործենք, տրավերտին: Հաշվարկը կունենանք, թանկ են, երկարակեցության տեսակետից անմաշ են:
1 ՄԼՐԴ 45 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ՏԱԹԵՎ-ԱՂՎԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆԸ
Տաթև-Աղվանի ճանապարհի երրորդ շերտի ասֆալտապատման համար 1 մլրդ 45 մլն դրամ հատկացվեց։ Նախարարը հիշեցրեց՝ շինարարությունը սկսվել էր դեռ 2020-ի պատերազմից առաջ, և նախատեսված չէր, որ այն նման ծանրաբեռնվածությամբ կաշխատի։ Թերությունները շտկվել են:
Նիկոլ Փաշինյան - Լիարժեք շահագործման աշխատանքն է իրականացվում հիմա:
Գնել Սանոսյան - Երկու օր առաջ էի էնտեղ, ճանապարհն ամբողջությամբ ասֆալտապատ է, գրունտային, շեբենային հատված չկա:
Խոտ-Որոտան ճանապարհի համար հատկացվեց մոտ 2 մլրդ 300 մլն դրամ: Իրականացվում է նաև Տաթև - Լծեն, Լծեն - Շամբ, Շամբ - Նորավան ճանապարհի շինարարությունը: Նախատեսված է նոյեմբերին ճանապարհը շահագործման հանձնել: Վարչապետը կարևորեց նախագիծը՝ հանձնարարելով որակով և ժամանակին իրականացնել աշխատանքը: