Թալինի բժշկական կենտրոնը վերակառուցվում է: Կառավարությունը 1 միլիարդ 200 միլիոն դրամ է հատկացրել ժամանակակից ստանդարտներին համապատասխանող բուժհաստատություն կառուցելու համար: Շինարարությունը մեկնարկել է 2021-ի ամռանը: Մրցույթով շինարարական կազմակերպությունը աշխատանքները պետք է ավարտի երեք տարում: Ընթացքին հետևել է Արագածոտնի մարզպետարանի առողջապահության բաժնի պետը:
Մերի Շահազիզյան (Արագածոտնի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ) - Ստացիոնար և պոլիկլինիկական մասն է այստեղ, ստացիոնարում՝ վիրաբուժական, ստոմատիկ բաժանմունք, ինտենսիվ թերապիա, ռեանիմացիա: Թալինի բնակիչները կօգտվեն նույն ծառայություններից գրեթե, ինչից օգտվում են այժմ, ուղղակի ավելի ժամանակակից կլինի, բուժսպասարկման որակն ավելի բարձր կլինի` շնորհիվ վերակառուցման և ժամանակակից սարքավորումների նաև:
Թալինի բուժհաստատությունն իր գոյության մոտ 50 տարում միայն մասնակի վերանորոգումներ է տեսել: Այս հաստատությունը սպասարկում է Թալին քաղաքն ու հարակից 22 բնակավայրերը՝ շուրջ 37.000 քաղաքացու: Կենտրոնի գլխավոր տնօրենը հույս ունի, որ վերակառուցումից հետո բուժհաստատության այցելուների թիվն անհամեմատ մեծ կլինի:
Ազատ Ղուկասյան (Թալինի ԲԿ տնօրեն) - Ավելի քան վստահ եմ, որ լինելու է ժամանակակից, հագեցված, լավագույն պայմաններով բժշկական կենտրոն` հագեցված այն սարքավորումներով, որոնք հիմա առկա չեն: Մեր խնդիրն այս պահին ավելի շատ տեխնիկական է, քան մասնագետների հետ կապված: Երբ կհագեցվեն այդ սարքավորումներով, լինելու է և հոսքի ավելացում, պացիենտների և վստահության բարձրացում բժշկական կենտրոնի հանդեպ:
Բուժհաստատությունը վերակառուցող շինարարական ընկերությունը լրացուցիչ ռեսուրս է ներգրավել, պլանավորում է պայմանագրի ժամկետից շուտ շենքը շահագործման հանձնել: Առաջին մասնաշենքի վերակառուցումն ավարտել, հարդարման աշխատանքներին են անցել: Վստահեցնում են՝ նոր բուժկենտրոնը հագեցած կլինի անվտանգային համակարգերով, տանիքին նախատեսված է նաև արևային կայանների տեղադրում:
Մարտուն Հովհաննիսյան (աշխղեկ) - Մնացել են հիմնական պատերը, պատերից դուրս ամբողջը քանդվել է, նորը վերակառուցում ենք: Բոլորս էլ շահագրգռված ենք շուտ ավարտվի շինարարությունը, աշխատանքները բարեխղճորեն կատարում ենք: Տեսչական մարմինները գալիս, ստուգում են, տնօրինությունն անընդհատ գալիս է, բոլորը հետևում են աշխատանքներին:
Թալինի բժշկական կենտրոնի ծառայություններն այս պահին իրականացվում են հարևան մասնաշենքում: Կատարվում են վիրաբուժական, ծննդօգնության, թերապիայի, մանկական, ինֆեկցիոն և շտապօգնության ծառայություններ: Ազատ Ղուկասյանի հավաստմամբ՝ ամերիկյան դոնոր կազմակերպությունների հետ նախնական պայմանավորվածություններ ունեն, որ Թալինում նաև ակնաբուժական ծառայություններ ներդրվեն:
Ազատ Ղուկասյան - Տարածքը, որ ցույց ենք տվել իրենց, որ նախատեսում ենք հատկացնել այդ ծառայությունների համար, արժանացել է հավանության, մեզնից ուզել են սարքավորումների ցանկ, ներկայացրել ենք, կարծում ենք, որ դրական լուծում կստանա այդ հարցը:
Ազատ Ղուկասյանն ասում է` եթե հաջողվի այդ ծրագիրը կյանքի կոչել, ապա Թալինի բուժհաստատությունում կհիմնվի մարզի առաջին ակնաբուժական կենտրոնը: