Էստոնիայի իշխանություններն այսօրվանից դադարեցրել են Շենգենյան վիզա ունեցող Ռուսաստանի քաղաքացիների մուտքը երկիր:
Արգելքը չի գործի Էստոնիայում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև միջազգային փոխադրումներով զբաղվող կամ ԵՄ օրենքներով ազատ տեղաշարժվելու իրավունք ունեցող անձանց նկատմամբ: Բացի այդ, սահմանափակումների գործողությունը չի գործի այն անձանց նկատմամբ, որոնց մուտքը հանրապետություն անհրաժեշտ է հումանիտար նկատառումներով, ինչպես նաև Էստոնիայի քաղաքացիների մերձավոր ազգականների և հանրապետությունում մշտական կացության կարգավիճակ ունեցողների վրա:
Կառավարությունն այդ որոշումն ընդունել էր օգոստոսի 11-ին: Վարչապետ Կայա Կալասն այդ կապակցությամբ հայտարարել էր, որ ռուսաստանցիները պետք է հասկանան, որ Եվրամիություն մուտք գործելը ոչ թե մարդու իրավունքների և ազատ տեղաշարժի հարց է, այլ արտոնություն է նրանց համար, ում Միությունում պատրաստ են ընդունել որպես հյուր կամ գործընկեր: