ԵՄ-Ն ՈՏՆԱՀԱՐՈՒՄ Է ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ. HRW
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօրեն Քեննեթ Ռոթը Եվրոպային մեղադրել է Ադրբեջանի հետ գազային գործարք կնքելով՝ ԵՄ նպատակների և մարդու իրավունքների չափանիշները ոտնահարելու համար:
«Ձգտելով փոխարինել ռուսական գազը՝ Եվրամիությունը ևս մեկ գազային գործարք է կնքել ավտորիտար կառավարության, այս անգամ՝ Ադրբեջանի հետ՝ «հակառակ կլիմայի ոլորտում Դաշինքի նպատակներին և մարդու իրավունքների ոլորտում չափանիշներին»»,- նշել է Ռոթը Twitter-ի իր միկրոբլոգում:
Ադրբեջանում մոլեգնում են անտառային հրդեհներ։ Դրանք բռնկվել են երկրի միանգամից չորս շրջանում՝ Գաբալայի, Շաբրանի, Ղուբայի և Սիյազանի: Պատճառն արդեն երկու շաբաթ պահպանվող անոմալ տապն է:
Հրդեհների մարումը բարդացնում են նաև բարդ ռելիեֆն ու ուժեղ քամին, որն ավելի է տարածում կրակը։ Հրդեհի մարման համար գործի են դրվել ինքնաթիռ և ուղղաթիռներ, աշխատում եմ բազմաթիվ հրշեջներ, փրկարարներ ու կամավորներ:
ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՇԵՆԳԵՆՅԱՆ ՎԻԶԱ ՍՏԱՆԱԼ
Եվրամիության երկրները ռուսաստանցիներին ամբողջությամբ չեն զրկի վիզաներից: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը: Նա նշել է, որ Ռուսաստանի քաղաքացիները կշարունակեն Շենգենյան վիզա ստանալ հումանիտար նկատառումներով:
Պաշտոնյան նաև հաստատել է լրատվամիջոցների այն տեղեկությունը, որ ՌԴ քաղաքացիներին վիզա տրամադրելու վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի Պրահայում՝ օգոստոսի 30-31-ը ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
ԿԱՅԱՑԵԼ Է ԳՈՒՏԵՐԵՇ-ԶԵԼԵՆՍԿԻ-ԷՐԴՈՂԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ժամանել է Լվով: Նա մասնակցել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը։ Կողմերը քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը և Ելենովկայում քննչական մեկուսարանի գնդակոծման հետաքննությունը։ Օգոստոսի 19-ին Գուտերեշն այցելելու է Օդեսայի երեք նավահանգիստներից մեկը, որոնք ներգրավված են հացահատիկի գործարքում։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Գուտերեշի հետ։ Կողմերը քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգ շահագործման պայմանները և կարծիքներ փոխանակել Ելենովկայի քննչական մեկուսարանում տեղի ունեցած միջադեպի «փաստահավաք առաքելության» գործունեության վերաբերյալ:
Ըստ ՌԴ ՊՆ՝ Ուկրաինայի Զինված ուժերը պարբերաբար գնդակոծում են Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքը, ուկրաինական կողմը, սակայն, հերքում է մեղադրանքները՝ պնդելով, որ միջուկային օբյեկտին հարվածներ է հասցնում ռուսական կողմը:
ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ԷՍՏՈՆԻԱ
Էստոնիայի իշխանություններն այսօրվանից դադարեցրել են Շենգենյան վիզա ունեցող Ռուսաստանի քաղաքացիների մուտքը երկիր:
Արգելքը չի գործի Էստոնիայում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև միջազգային փոխադրումներով զբաղվող կամ ԵՄ օրենքներով ազատ տեղաշարժվելու իրավունք ունեցող անձանց նկատմամբ: Բացի այդ, սահմանափակումների գործողությունը չի գործի այն անձանց հանդեպ, որոնց մուտքը Հանրապետություն անհրաժեշտ է հումանիտար նկատառումներով, ինչպես նաև Էստոնիայի քաղաքացիների մերձավոր ազգականների և Հանրապետությունում մշտական կացության կարգավիճակ ունեցողների վրա:
Կառավարությունն այդ որոշումն ընդունել էր օգոստոսի 11-ին: Վարչապետ Կայա Կալասն այդ կապակցությամբ հայտարարել էր, որ ռուսաստանցիները պետք է հասկանան, որ Եվրամիություն մուտք գործելը ոչ թե մարդու իրավունքների և ազատ տեղաշարժի հարց է, այլ արտոնություն է նրանց համար, ում միությունում պատրաստ են ընդունել որպես հյուր կամ գործընկեր:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԻՏՈՒՄ
Եվրոպայի խոշորագույն երկրները հուլիսին ռազմական օգնության միջոցներ չեն առաջարկել Կիևին: Դա առաջին դեպքն Է Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր: Այդ մասին հաղորդել Է Politico պարբերականը: Աղբյուրը վկայակոչել է Կիլի Համաշխարհային Էկոնոմիկայի ինստիտուտի տվյալները: Կառույցն Ukraine Support Tracker ծրագրի շրջանակներում գնահատում Է Ուկրաինային տրամադրվող ռազմական, ֆինանսական և հումանիտար օգնությունը:
Աղբյուրի համաձայն՝ ապրիլի վերջից նկատվում Է Եվրոպայի երկրների կողմից Ուկրաինային ռազմական օգնության ծավալների նվազման միտում: Օգոստոսի 11-ին «Կոպենհագեն - Ուկրաինա - 2022» դոնորական խորհրդաժողովի մասնակից երկրները համաձայնության են եկել զենք գնելու համար Կիևին հատակացնել 1,5 մլիարդ եվրո, սակայն այդ գումարը «չնչին Է» թվում «այն բանի համեմատաությամբ, ինչը հնչեցվել Է նախորդ խորհրդաժողովներում»:
Չնայած ռազմական գործողությունները մտել են բեկման փուլ, «օգնության տրամադրելու նոր նախաձեռնությունները սպառվել են»,- նշել է աղբյուրը:
Պարբերականի տվյալով՝ Եվրամիությունը շատ ավելի միջոցներ Է ուղղորդում կորոնավիրուսի հետևանքների հաղթահարմանը, քան Ուկրաինայի աջակցության համար:
«Չնայած եվրոպական պաշտպանական քաղաքականությունում պատմական փոփոխություններին ռազմական օգնությունն Ուկրաինային կարող Է կրճատվել հենց այն պահին, երբ Կիեն սկսում Է վճռական հակահարձակումը»,- ամփոփել Է պարբերականը: