ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ժամանել է Լվով: Նա մասնակցելու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը։ Կողմերը կքննարկեն Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը և Ելենովկայում քննչական մեկուսարանի գնդակոծման հետաքննությունը։ Օգոստոսի 19-ին Գուտերեշը կայցելի Օդեսայի երեք նավահանգիստներից մեկը, որոնք ներգրավված են հացահատիկի գործարքում։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Գուտերեշի հետ։ Կողմերը քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգ շահագործման պայմանները և կարծիքներ փոխանակել Ելենովկայի քննչական մեկուսարանում տեղի ունեցած միջադեպի «փաստահավաք առաքելության» գործունեության վերաբերյալ:
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ Ուկրաինայի զինված ուժերը պարբերաբար գնդակոծում են Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքը, ուկրաինական կողմը, սակայն, հերքում է մեղադրանքները՝ պնդելով, որ միջուկային օբյեկտին հարվածներ է հասցնում ռուսական կողմը:
ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ԷՍՏՈՆԻԱ
Էստոնիայի իշխանություններն այսօրվանից դադարեցրել են Շենգենյան վիզա ունեցող Ռուսաստանի քաղաքացիների մուտքը երկիր:
Արգելքը չի գործի Էստոնիայում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև միջազգային փոխադրումներով զբաղվող կամ ԵՄ օրենքներով ազատ տեղաշարժվելու իրավունք ունեցող անձանց նկատմամբ: Բացի այդ, սահմանափակումների գործողությունը չի գործի այն անձանց հանդեպ, որոնց մուտքը հանրապետություն անհրաժեշտ է հումանիտար նկատառումներով, ինչպես նաև Էստոնիայի քաղաքացիների մերձավոր ազգականների և հանրապետությունում մշտական կացության կարգավիճակ ունեցողների վրա:
Կառավարությունն այդ որոշումն ընդունել էր օգոստոսի 11-ին: Վարչապետ Կայա Կալասն այդ կապակցությամբ հայտարարել էր, որ ռուսաստանցիները պետք է հասկանան, որ Եվրամիություն մուտք գործելը ոչ թե մարդու իրավունքների և ազատ տեղաշարժի հարց է, այլ արտոնություն է նրանց համար, ում Միությունում պատրաստ են ընդունելու որպես հյուր կամ գործընկեր:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԻՏՈՒՄ
Եվրոպայի խոշոր երկրները հուլիսին ռազմական օգնության միջոցներ չեն առաջարկել Կիևին: Դա առաջին դեպքն է Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր: Այդ մասին հաղորդել է Politico պարբերականը: Աղբյուրը վկայակոչել է Կիլի համաշխարհային էկոնոմիկայի ինստիտուտի տվյալները: Կառույցն Ukraine Support Tracker ծրագրի շրջանակում գնահատում է Ուկրաինային տրամադրվող ռազմական, ֆինանսական և հումանիտար օգնությունը:
Աղբյուրի համաձայն՝ ապրիլի վերջից նկատվում է Եվրոպայի երկրների կողմից Ուկրաինային ռազմական օգնության ծավալների նվազման միտում: Օգոստոսի 11-ին «Կոպենհագեն-Ուկրաինա - 2022» դոնորական խորհրդաժողովի մասնակից երկրները համաձայնության են եկել զենք գնելու համար Կիևին հատկացնել 1,5 մլրդ եվրո, սակայն այդ գումարը «չնչին» է թվում «այն բանի համեմատությամբ, ինչը հնչեցվել է նախորդ խորհրդաժողովներում»:
Չնայած ռազմական գործողությունները մտել են բեկման փուլ, «օգնություն տրամադրելու նոր նախաձեռնությունները սպառվել են»՝ նշել է աղբյուրը: Պարբերականի տվյալով՝ Եվրամիությունը շատ ավելի միջոցներ է ուղղորդում կորոնավիրուսի հետևանքների հաղթահարմանը, քան Ուկրաինայի աջակցության համար: «Չնայած եվրոպական պաշտպանական քաղաքականությունում պատմական փոփոխություններին՝ ռազմական օգնությունն Ուկրաինային կարող է կրճատվել հենց այն պահին, երբ Կիևն սկսում Է վճռական հակահարձակումը»,- ամփոփել է պարբերականը: