Միջպետական նշանակության Գարգառի կամուրջը` հիմնանորոգված, շահագործման կհանձնվի աշնանը, այժմ աշխատանքը ասֆալտապատման փուլում է: Այս տարի պետական միջոցներով ընդհանուր կնորոգվի 19 կամուրջ, ծրագրի ընդհանուր բյուջեն 1.1 մլրդ դրամ է:
Սիլվա Ավետիսյանը Գարգառի բնակիչ է, գյուղի մանկապարտեզում է աշխատում: Մի օր նա, մի օր մեկ այլ բնակիչ, ու այսպես ամեն օր՝ սուրճ, ձմերուկ, մի կտոր թխվածք. հյուրասիրում են, որ շինարարները ավելի արագ ավարտին հասցնեն գյուղի միջով անցնող այս կամրջի հիմնանորոգումը, որ կամրջի մյուս ծայրում գտնվող բնակիչները, դպրոցականներն ու մանկապարտեզի սաները անվտանգ անցնեն ճանապարհը:
Գրիգոր Սեդրակյան («Մոնտաժտրանսշին» ՍՊԸ ղեկավար) - Կամրջի վիճակն ահավոր էր, մեծ անցքեր էին առաջացել:
Մինչդեռ կամուրջը միջպետական նշանակություն էլ ունի:
Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ավտոճանապարհին գտնվող այս կամրջի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2021-ին, պայմանագրով ավարտը հոկտեմբերին է, բայց վստահեցնում են՝ սեպտեմբերին արդեն երկու կողմն էլ երթևեկելի կլինի:
Գրիգոր Սեդրակյան - Կեսի համար աշխատանքները ավարտվում են, տեղադրվում է ասֆալտապատման ներքին շերտը, հետո՝ վերևի շերտը, 2 օր կտևի պողպատյա բազրիքների տեղադրումը:
Եվ երթևեկության համար արդեն այս հատվածը բաց կլինի: 1-1,5 ամիս էլ կտևի մյուս հատվածի նորոգումը, այն համեմատաբար ավելի լավ վիճակում է:
Գարգառի կամուրջը, որն առաջին անգամ է հիմնանորոգվում, կառուցվել է 1918-ին՝ փայտից էր ու նեղ, 1950-ին նորն են կառուցում՝ մետաղական հիմքով, 70-ականներին՝ ավելի լայնացնում:
Ջրահեռացման համակարգից մինչև բազրիքներ. բնակավայրի ղեկավար Միշա Զալինյանը ցույց է տալիս՝ ինչն ու ինչպես է փոխվել: Տեխհսկիչ Մնացական Ավետիսյանն էլ նշում է՝ ամեն մի դետալ քննարկվում, ստուգվում է, հիմա էլ ասֆալտն է փորձաքննության ուղարկվել:
Նախագծում փոփոխություններ են արել, քանի որ կամուրջը քանդելուց հետո է պարզվել՝ ավելի մեծ ծավալի աշխատանք է պահանջվում: Գարգառի կամուրջը այս տարի հիմնանորոգվող 19 կամրջից մեկն է:
Գոռ Ավետիսյան («Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար) - Պետական բյուջեի հիմնանորոգման ծրագրով Երևան - Սևանի 14-րդ կմ-ի վերանորոգումը Մարգարա գյուղի շրջանում շինարարության մրցույթն ենք հայտարարելու, կամրջի 2 հատված ունենք, նոր կամուրջ ենք կառուցելու, վթարված մասը քանդելու:
Այդ 19 կամրջի մի մասի մրցույթն արդեն ավարտվել է, մի մասի դեպքում՝ նոր է հայտարարվելու, երկուսի դեպքում էլ մրցույթին մասնակից չի եղել, նորից են հայտարարելու:
Անկախ Հայաստանի պատմության մեջ այսպիսի լայնածավալ կամրջաշինություն չի եղել: Գրեթե բոլոր շինարարական ընկերություններն ունեն աշխատանք, և փոքր օբյեկտները դառնում են ոչ հրապուրիչ, դրա համար մրցույթ լինում է, որ մի քանի անգամ ենք հայտարարում:
Որոշների դեպքում էլ շինարարության ժամանակ է պարզ դառնում՝ պահանջվող աշխատանքը նախատեսածից ավելի էր:
Գարգառի կամուրջն հենց այդպիսի օրինակ է, որ երբ հինն ենք նորոգում, ծածկը հեռացնում ենք, նոր ամբողջությամբ կրող կոնստրուկցիաների վիճակն երևում է, և հնարավոր է` ավելի աշխատանք պետք լինի, նաև նախագծային փոփոխություն անել, ավելի շատ կրող հեծաններ պետք եկան այս դեպքում:
Որ կամուրջն ավելի երկար ծառայի, շինարարությունն իրականացնող ընկերության ղեկավարը վստահեցնում է՝ նվազագույնը 50 տարի հիմնանորոգման կարիք չի լինի:
Տրանսպորտային այսպիսի օբյեկտների համար այս տարի պետությունը տրամադրել է 1,1 մլրդ դրամ, որից 300 միլիոնն արդեն հատկացվել է:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան