44-օրյա պատերազմի հետևանքով վիրավորված կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողների սոցիալական աջակցության ծրագրից նախորդ տարի 7400 քաղաքացի է օգտվել:
Արտակ Հարությունյան (ՀՀ ԱՍՀՆ ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետ) - Սոցիալական աջակցությունը ենթադրում է միանվագ դրամական օգնություն 500 հազար դրամի չափով՝ բանկային փոխանցման միջոցով:
Պետբյուջեից ծրագրի իրականացման համար 2021-ին 3.7 մլրդ դրամ է հատկացվել: Սրանով պետությունը փոխհատուցել է հնարավոր բոլոր ծախսերը, որոնք բուժման ընթացքում քաղաքացիները արել են:
Արտակ Հարությունյան - Ելնելով անհրաժեշտությունից, դիմումների թվից, մեր վերլուծությունից՝ Կառավարությունը որոշել է այս տարի երկարաձգել միջոցառման ժամկետները մինչև այս տարվա հոկտեմբերի 1-ը:
Ծրագրից կարող են օգտվել այն զինծառայողները, որոնք ստացիոնար բուժում են ստացել, հաշմանդամության կարգ չունեն և 2021-ին չեն օգտվել այս միջոցառումից:
Արտակ Հարությունյան - Մեր կանխատեսումներով՝ շուրջ 800 շահառու կունենանք պետական բյուջեից: Մի քանի օր առաջ այս նպատակի համար հատկացվել է 408 մլն դրամ:
Ծրագրի ժամկետը երկարաձգելու որոշման մեջ մեծ է շահառուների դերը:
Արտակ Հարությունյան - Ծրագիրը միանշանակ ծառայել ա նպատակին՝ հաշվի առնելով արձագանքը շահառուների, նաև ծրագրից դեռևս չօգտված զինծառայողների արձագանքը:
Ժամկետի երկարաձգմամբ այն զինծառայողները, որոնց փոխհատուցումը հաստատվել էր, բայց եռամսյա ժամկետում չէին ստացել, հնարավորություն կունենան բանկից վերցնելու իրենց գումարները: Դիմելու ընթացակարգը շատ պարզ է. շահառուները օգոստոսի 22-ից նախարարության Միասնական սոցիալական ծառայության կայքէջում կարող են ներկայացնել իրենց տվյալներն ու ստանալ աջակցությունը: