«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից հետո շարունակում են փակ մնալ տոնավաճառի նաև չվնասված տաղավարները։ Տնտեսվարողներից ով կարողացել է՝ տարածքից հանել է խանութներում մնացած ապրանքը։ Կա՞ արդյոք որևէ ձեռներեց, որ բիզնեսն ապահովագրած լիներ պատահարներից՝ դժբախտ նման դեպքերից հետո գոնե ֆինանսական փոխհատուցում ստանալու նպատակով՝ հայտնի չէ։ Առայժմ չկա նաև գնահատական, թե բուն պայթյունի վայրում կամ հարևանությամբ հարվածային ալիքից ջարդվելու-շարքից դուրս գալու պատճառով նյութական ի՞նչ վնաս են կրել տոնավաճառում աշխատող տնտեսվարողները։
«Սուրմալուին» վերաբերող ինֆորմացիան, առհասարակ, բավական քիչ է։
«Լուրերի» հարցմանն ի պատասխան՝ Պետեկամուտների կոմիտեից տեղեկացնում են․ տվյալ առևտրի կենտրոնում գործունեություն է իրականացնում առնվազն 453 տնտեսվարող սուբյեկտ։ Խոսքը փոքր թե մեծ այն բիզնեսների մասին է, որոնց ՀԴՄ-ի օգտագործման վայր որպես Հարկայինը ֆիքսում է տոնավաճառի հասցեն։ Այս թվի մեջ, ի դեպ, ներառված չեն տեղի կրպակները, որոնց համար դրամարկղային մեքենա ունենալը պարտադիր չէ, ինչպես նաև՝ լոտոյի տոմս կամ սուրճ-խաչապուրի վաճառող շրջիկ առևտրականները։
ՊԵԿ-ում առկա տվյալների համաձայն՝ «Սուրմալուի» տարածքում փող վաստակող տնտեսվարողների հիմնական մասը՝ մոտ 95 տոկոսը, իր գործունեության տեսակ-ոլորտ է նշել մանրածախ և մեծածախ առևտուրը։ Մեկ կազմակերպություն տեղում հանրային սննդի ծառայություն է մատուցում, կա նաև՝ ֆինանսական կառույցի գրասենյակ։ Բոլոր այդ հարկ վճարողները միասին այս տարվա առաջին 6 ամսում հսկիչ դրամարկղային մեքենաներով ցույց են տվել 13 մլրդ 708 մլն դրամ ֆիսկալ հասույթ․ որքանո՞վ է այս թիվն արտացոլում «Սուրմալուի» իրական շրջանառությունը՝ դժվար է ասել, քանի որ բոլորին է հայտնի՝ տոնավաճառներում միշտ չէ, որ ՀԴՄ են տպում։ Սրա ո՞ր մասն է բաժին ընկնում մանր առևտրականներին, որը՝ տեղում վաճառքի կետ ունեցող խոշոր ներկրողներին կամ տեղական արտադրողներին, թվերը տարանջատված չեն։
Թե ի՞նչ գումարի հարկ է «Սուրմալուի» տարածքից բյուջե վճարվում, պարզվում է՝ հնարավոր չէ ասել, քանի որ Հարկայինի ծրագրերը թույլ չեն տալիս տնտեսվարողի վճարած հարկերն առանձնացնել ըստ գործունեության վայրի, իսկ խոշոր շատ ընկերություններ, տոնավաճառում կետ ունենալով հանդերձ, ունեն նաև իրենց դիստրիբյուտորական մեծ ցանցերն ու դրանց բոլորի միջոցով արված գործարքների համար հարկը միասնական են վճարում։
Տոնավաճառում աշխատելու համար մարդկանց վճարած վարձակալական գումարների մասին։ Որպես կազմակերպիչ՝ «Սուրմալու» տնօրինության կողմից, տոնավաճառում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին այս հունիս ամսվա համար ծառայությունների մատուցման հաշվարկային փաստաթղթերով հայտարարագրվել է 164 մլն դրամ, ներառյալ ԱԱՀ-ն: Առևտրի կենտրոնի կազմակերպիչ «Երևանի պահածոների գործարան» ընկերության շրջանառության վերաբերյալ տեղեկատվությունը հարկային գաղտնիք է և ենթակա չէ հրապարակման՝ գրված է Պետեկամուտների կոմիտեի «Լուրերին» տրամադրած տեղեկանքում։ Գաղտնիք չէ՝ ընկերության պետությանը վճարած հարկերի չափը` այս հունվարից հունիս, կազմել է 421 մլն դրամի կարգի։ «Երևանի պահածոների գործարանը» տարվա առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում 288-րդն է։