Փրկարարներն ամբողջությամբ մաքրել են պայթյունից տուժած եռահարկ շենքի տարածքը, այժմ փորձում են անհետ կորած համարվող քաղաքացիներին փնտրել կառույցի ներսում: ԱԻ նախարարի տեղակալի խոսքով՝ պայթյունի էպիկենտրոնը գտնվել է շենքի կենտրոնական մասում, և մինչև ներս մտնելը՝ պետք է գնահատել փլուզվելու վտանգը:
16 զոհ և 2 անհետ կորած, պատկերը երեկվանից գրեթե նույնն է՝ ասում է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանն ու նշում՝ 4 օր շարունակ որոնողափրկարարական ու մաքրման աշխատանքները չեն դադարում: Թե ինչքան կտևեն այս աշխատանքները՝ դեռ հստակ չէ: Դեպքի վայրում այսօր էլ հերթափոխով շուրջ 120 փրկարար է աշխատում:
Դավիթ Համբարյան (ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ) - Ինչպես տեսնում եք՝ բոլոր մուտքերը ամբողջությամբ մաքրված են, շենքի շրջակայքը մաքրված է, փլատակների մասը մաքրված է, ու ընթանում են որոնողական աշխատանքները հավանական վայրում, դեռևս կանգուն շենքի որոշակի հատվածում:
Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը, «Լուրերին» ներկայացնելով «Սուրմալուի» տարածքում ստեղծված իրավիճակը, նշել է, որ անհետ կորած քաղաքացուն փնտրում են փլուզված եռահարկ կառույցի մուտքի մոտ, իսկ անձը չպարզված մահացածից նմուշառում է իրականացվել. պատասխանը պարզ կլինի առավելագույնը 5 օրից:
Արտյուշ Գրիգորյան (արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ) - Ենթադրում ենք, որ անհետ կորածներից մեկը չնույնականացված քաղաքացին է:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից վստահեցնում են՝ որոնողական աշխատանքին խոչընդոտում է պայթյունից տուժած շենքի փլուզման վտանգը, և քանի դեռ անհետ կորած քաղաքացի կա, փրկարարները ոչ բոլոր տեղերում են կարողանում ծանր տեխնիկա կիրառել, ինչն էլ որոշակիորեն դանդաղեցնում է աշխատանքը:
Դավիթ Համբարյան - Այս պահին տեղատեսությունը շենքի ներսում շատ բարդ է և վտանգավոր է փրկարարների համար, դրա համար շենք մուտք չենք գործում, մինչև հասկանանք, որ մասն անվտանգ կլինի, որոշակի հատված կա, որ հավաքվում է, էդտեղ կարող է լինել զոհ, և նաև կանգուն շենքի ինչ-որ հատվածում:
Արտյուշ Գրիգորյան - Պանելները, որոնք մեզ խանգարել են, ապամոնտաժել ենք, որ մաքսիմալ մոտենանք շենքի պատերին, որովհետև դրանց տակ ահռելի փլատակներ են երկաթբետոնե, և հենց դրանց տակ էլ ակնկալվում է, որ կհայտնաբերենք քաղաքացուն:
Նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանի խոսքով՝ արդեն պարզվել է, որ պայթյունը եղել է շենքի կենտրոնական հատվածում:
Դավիթ Համբարյան - Մի բան հստակ է, որ դրանք եղել են հրավառության հետ կապված նյութեր, հիմնականում պատրաստի ճայթուկների մասին է խոսքը:
Նախարարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանի խոսքով՝ փլատակների 70 տոկոսից ավելին մաքրվել է, և հիմա փրկարարներն առավելապես կենտրոնացած են կանգուն շենքի հարակից տարածքի մաքրման աշխատանքների վրա:
4 օր շարունակ հարակից, երկկողմանի փակ փողոցը ե՞րբ կբացվի՝ պատասխանատուները դեռ հստակ ժամկետ չեն նշում, բայց վստահեցնում են՝ որոնողական աշխատանքները ավարտելուց հետո տվյալ շինությունը պետք է ապամոնտաժվի, և միայն դրանից հետո հնարավոր կլինի անվտանգ երթևեկություն ապահովել: