Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքների համար մարզպետարաններին գումար հատկացնելու նախագիծը:
Նախագծով 757 միլիոն դրամ կուղղվի 15 բնակավայրի 15 սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը:
«15 ծրագրերից 2-ն արդեն 2022 թվականի ծրագրեր են: Տեխնիկայի ձեռքբերում արդեն հասցրել են իրականացնել:
Մինչ այս պահը մենք 273 ծրագրի համար վճարել ենք, հիմա կդառնա 288 ծրագիր, և գումարը կկազմի 8 միլիարդ 65 միլիոն դրամ»,-ասաց Սանոսյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ներկայացրեց իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքները: Մասնավորապես, Արագածոտնի մարզում իրականացվել են Կարմրաշեն համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի աշխատանքներ, Արարատի մարզում՝ Մասիսի քաղաքի նախկին մարզադպրոցի, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, քաղաքային կենտրոնական գրադարանների մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքներ, հիմնանորոգվել են Մասիս քաղաքի նախկին մարզադպրոցի, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, քաղաքային կենտրոնական գրադարանների մասնաշենքերը և ապահովել են ջեռուցման համակարգով, գազիֆիկացվել է Ռանչպար համայնքը և այլն: Արմավիրի մարզում ասֆալտապատվել է Դալարիկ համայնքի Կոմիտասի փողոցը, Զարթոնք համայնքում կառուցվել է նոր երկհարկանի մանկապարտեզ՝ 140-150 երեխաների համար: Գեղարքունիքի մարզում իրականացվել են՝ Սարուխանի թիվ 1 մանկապարտեզի կապիտալ վերանորոգում, Նորակերտ համայնքի խմելու ջրի ջրագծի 2000 մ հատվածի վերանորոգում, Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրի մշակույթի տան վերանորոգում և այլն: Լոռու մարզում իրականացվել է Շնող համայնքի Շնող բնակավայրի 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ փողոցների ջրաֆիկացում, կառուցվել է ջրամբար և պոմպակայան: Շիրակի մարզում Աշոցք բազմաբնակավայր համայնքի կարիքները հոգալու համար ձեռք է բերել ավտոաշտարակ: Սյունիքի մարզի Գորայք համայնքի մեքենատրակտորային պարկն է համալրվել, համայնքի կարիքների համար ձեռք է բերվել հողը վարող/հերկող անվավոր տրակտոր, ազոտային գութան, ձյունամաքրող սարքեր, սերմնացան մեքենա: Տավուշի մարզի Բերդ և Արծվաբերդ բնակավայրերում հիմնովին վերանորոգվում և սալիկապատվում են ներհամայնքային ճանապարհները: