Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ցավակցություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Այսօր միանում եմ բոլոր հայերին, որոնք սգում են Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների համար։
Անկեղծ ցավակցում եմ այն ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց սիրելիներին։ Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասված է ցավակցության մեջ:
Վարչապետ Փաշինյանին ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը.
«Ձեզ և ամբողջ հայ ժողովրդին իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի:
Խնդրում եմ Ձեզ իմ կարեկցանքի խոսքերը փոխանցել զոհերի հարազատներին և վիրավորներին»:
Կիրակի տեղի ունեցած հզոր պայթյունի կապակցությամբ զոհվածների ընտանիքներին և հարազատներին ցավակցություն է հայտնել նաև Հայաստանում Վրաստանի դեսպանությունը՝ այս դժվարին պահին իրենց համերաշխությունը հայտնելով հայ բարեկամներին: