Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը հայտարարել է, որ Ղրիմի կամուրջը պետք է վերացվի։ Այդ մասին նա ասել է բրիտանական The Guardian թերթի հետ հարցազրույցում։
Պարբերականի տվյալներով՝ Պոդոլյակը հասկացրել է, որ Ուկրաինան Ղրիմի կամուրջը, որը թերակղզին կապում է Ռուսաստանի հետ, համարում է օրինական ռազմական թիրախ։
Զելենսկու գրասենյակի ներկայացուցիչը Ղրիմի կամրջի կառուցումն անվանել է «ապօրինի» և նշել դրա նշանակությունը ռուսական բանակի համար։
«Նման օբյեկտները պետք է ոչնչացվեն»,- ասաց նա։
Թե ինչպես պետք է ուկրաինական բանակը դա անի՝ Զելենսկու խորհրդականը չի մանրամասնել։
Մինչ այդ Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտարարել էր, որ Ուկրաինան Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի հետ հունիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում բանակցություններ է վարել Ղրիմի կամուրջը ոչնչացնելու ծրագրի շուրջ։
Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովն էլ հայտարարել էր, որ Ռուսաստանը երբեք թույլ չի տա Ղրիմի կամրջի ոչնչացումը։