ՂՐԻՄԻ ԿԱՄՈՒՐՋՆ ՕՐԻՆԱԿԱՆ ԹԻՐԱԽ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ. ՊՈԴՈԼՅԱԿ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը հայտարարել է, որ Ղրիմի կամուրջը Կիևը համարում է օրինական ռազմական թիրախ: Այդ մասին նա ասել է բրիտանական The Guardian թերթի հետ հարցազրույցում։
Զելենսկու գրասենյակի ներկայացուցիչը Ղրիմի կամրջի կառուցումը որակել է «անօրինական» և ընդգծել, որ այն կարևոր նշանակություն ունի ռուսական բանակի մատակարարումների համար։ «Նման օբյեկտները պետք է ոչնչացվեն»,- ասել է նա։ Թե ինչպես պետք է ուկրաինական բանակը դա անի՝ Զելենսկու խորհրդականը չի մանրամասնել։
Մինչ այդ Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտարարել էր, որ Ուկրաինան Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի հետ հունիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում բանակցություններ է վարել Ղրիմի կամուրջը ոչնչացնելու ծրագրի հարցով։ Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովն էլ հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք թույլ չի տա Ղրիմի կամրջի ոչնչացումը։
ՄԱԳԱՏԷ-Ի ԱՅՑԸ ԶԱՊՈՐՈԺԻԵԻ ԱԷԿ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԻԱՅՆ ԿԻԵՎՈՎ. ՄԱԿ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության այցը Զապորոժիեի ատոմակայան հնարավոր է միայն Կիևով։ Օգոստոսի 11-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան կոչ էր արել Զապորոժիեի ԱԷԿ ուղարկել միջազգային առաքելություն, որը պետք է ներառի ՄԱԳԱՏԷ-ի անձնակազմն ու ՄԱԿ-ի ռազմական փորձագետներին: Միաժամանակ Կուլեբան շեշտել է, որ այցը պետք է տեղի ունենա Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքից։
Զապորոժիեի շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը հայտարարել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կարող է Զապորոժիեի ատոմակայան գալ դաշնակից ուժերի կողմից վերահսկվող տարածքով կամ Ռուսաստանով։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ի զենքերի չտարածման և վերահսկողության վարչության փոխտնօրեն Իգոր Վիշնևեցկին հայտարարել էր, որ Կիևը չի կարող երաշխավորել ՄԱԳԱՏԷ-ի տեսչական ստուգումների անվտանգ անցումը Զապորոժիեի ԱԷԿ։ Նրա խոսքով՝ հետագա բանակցությունների առարկան այլընտրանքային ուղիներն են։
Ստեֆան Դյուժարիկը նաև տեղեկացրել է, որ հինգշաբթի Ուկրաինա կայցելի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը և Լվովում կհանդիպի Վոլոդիմիր Զելենսկու ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ:
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ 2 ՀՐԹԻՌ Է ԱՐՁԱԿԵԼ ՃԱՊՈՆԻԱՅԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Հյուսիսային Կորեան Դեղին ծովում երկու թևավոր հրթիռ է արձակել Ճապոնիայի ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Ավերածությունների և արձակված հրթիռների տեսակի մասին տեղեկություններ չկան։ Տարեսկզբից Հյուսիսային Կորեան իրականացրել է մոտ երկու տասնյակ հրթիռային փորձարկում։ Թռիչքների առավելագույն բարձրությունը եղել է 50-100 կիլոմետր, իսկ հեռահարությունը՝ 300-400 կիլոմետր։