Իսրայելը և Թուրքիան հայտարարել են պետությունների դիվանագիտական հարաբերությունների կարգավորման և Թել Ավիվ ու Անկարա դեսպանների վերադարձի մասին։
«Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնումը կարևոր ներդրում է տարածաշրջանային կայունության ամրապնդման գործում, ինչպես նաև նշանակալի տնտեսական քայլ՝ ի շահ Իսրայելի քաղաքացիների: Մենք կշարունակենք աշխատել Իսրայելի միջազգային կարգավիճակի ամրապնդման ուղղությամբ»,- ասել է հրեական պետության վարչապետ Յաիր Լապիդը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ:
Օգոստոսի 16-ին տեղի է ունեցել Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրեն Ալոն Ուշպիզի և Թուրքիայի փոխարտգործնախարար Սադաթ Օնելի զրույցը, որի ընթացքում համաձայնեցվել են դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մանրամասները։
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը, որը նույնպես մասնակցել է Թուրքիայի հետ շփումներին, ողջունել է պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները լիովին վերականգնելու որոշումը։ «Սա կարևոր գործընթաց է, որը մենք վարում ենք վերջին մեկ տարվա ընթացքում: Մերձավոր Արևելքում բարիդրացիությունը և համագործակցությունը կարևոր են բոլորի համար: Բոլոր կրոնների ներկայացուցիչները՝ մահմեդականները, հրեաները և քրիստոնյաները, կարող են և պետք է ապրեն խաղաղության մեջ»,- ասել է Հերցոգը: