1992 թվականի օգոստոսին Սպարապետ Վազգեն Սարգսյանի կոչով հանրապետության տարբեր շրջանների ազատամարտիկներից կազմավորվեց «Արծիվ» մահապարտների գումարտակը։ Հետագայում գումարտակի օրինակով ստեղծվեցին մահապարտների «Արծիվ» կամավորական ջոկատներ, որոնք տարբեր ստորաբաժանումների կազմում մասնակցեցին ռազմական գործողություններին տարբեր ուղղություններում՝ աչքի ընկնելով անօրինակ սխրանքներով։
Գումարտակի կազմավորման 30-ամյա հոբելյանի առթիվ օգոստոսի 15-ին, «Արծիվ-1 մահապարտ» և «Արծիվ-Մահապարտների միություն» հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ, միջոցառումներ են կազմակերպվել Երևանում՝ Վ. Սարգսյանի կիսանդրու մոտ, «Եռաբլուր զինվորական պանթեոնում» և ՊՆ «Մայր Հայաստան» ռազմապատմական թանգարանում։ Միջոցառումների մասնակիցները ծաղիկներ են խոնարհել մարտական ընկերների հիշատակին, կարևորել Արցախյան առաջին պատերազմում և ազգային բանակի կազմավորման ընթացքում մահապարտների գումարտակի անուրանալի ներդրումն ու դերը։