Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում կիրակի տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Իրանի ԱԳՆ-ն Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում հայերեն գրառմամբ ցավակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդին և Կառավարությանը:
«Ցավով տեղեկացանք Երևանում տեղի ունեցած պայթյունի ողբերգական դեպքի մասին, որը հանգեցրել է տասնյակ զոհերի և վիրավորների: Ցավակցելով Հայաստանի ժողովրդին և Կառավարությանը և կարեկցանք հայտնելով դեպքի հետևանքով զոհվածների ընտանիքներին՝ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»:
Ցավակցական ուղերձով է հանդես եկել Վրաստանի վարչապետը: Իրակլի Ղարիբաշվիլիի Twitter-ում կարդում ենք.
«Խորապես վշտացած եմ Հայաստանի մայրաքաղաքում՝ հրավառության պահեստում տեղի ունեցած պայթյունի մասին լուրից, որի հետևանքով մարդիկ անհետ կորել են և վիրավորվել: Անկեղծ ցավակցություն եմ հայտնում մեր հայ բարեկամներին այս վշտալի պահին: Մեր մտքերն ու աղոթքները այդ ողբերգության զոհերի ընտանիքների և հարազատների հետ են»:
Երևանում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին ցավակցություն է հայտնել Ալբանիայի արտգործնախարարությունը: Twitter-ի միկրոբլոգում այդ երկրի արտաքին գերատեսչությունը տուժածներին մաղթել է լիակատար և շուտափույթ ապաքինում:
Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը ցավակցական ուղերձով կարեկցանք է հայտնում Հայաստանի ժողովրդին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած սարսափելի պայթյունի կապակցությամբ։
«Սգո այս ծանր պահին Ճապոնիայի ժողովուրդն անկեղծորեն կիսում է զոհվածների ընտանիքների վիշտն ու ցավը, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,- ասվում է ուղերձում:
Պայթյունի զոհերի ընտանիքներին ավելի վաղ ցավակցություն էր հայտնել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ուժ և տոկոնություն մաղթել արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցներին: