ՌԴ աշխատանքային այցի շրջանակում օգոստոսի 16-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ՝ տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից:
Ռազմավարական դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև Արցախում վերջին շրջանում արձանագրված զարգացումները և նշել, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Կողմերը կարևորել են իրադրության հետևողական ու շարունակական կայունացման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը՝ շեշտադրելով Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի դերակատարությունն այդ հարցում:
Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները գոհունակություն են հայտնել հայ-ռուսական ռազմական համագործակցության ներկա մակարդակի առնչությամբ և քննարկել փոխգործակցության հետագա խորացման ծրագրերն ու հնարավորությունները:
Կարծիքներ են փոխանակվել նաև միջազգային անվտանգության հիմնախնդիրների շուրջ: