Մերձմոսկովյան Կուբինկայում մեկնարկել է նորագույն զինատեսակների ցուցադրման, երկրների և կորպորացիաների միջև պետական խոշոր պայմանագրերի կնքման հարթակ հանդիսացող 8-րդ «Բանակ 2022» ամենամյա միջազգային ռազմատեխնիկական ֆորումը: Ընդհանուր առմամբ` կցուցադրվեն շուրջ 250 նմուշ. դրանք կցուցադրվեն Ռուսաստանում «Պատրիոտ»-ի 16 հարթակներում, ինչպես նաև ռուսական ռազմակայաններում: Ամենահետաքրքիր նորույթների թվում «Բանակ»-ում այս տարի զրահատեխնիկայի, հրթիռային սպառազինության և ստորջրյա սարքերի նմուշներն են:
Մասնակցում են շուրջ մեկուկես հազար ձեռնարկություններ ու կազմակերպություններ Ռուսաստանից և արտերկրից: Ռուսական ռազմարդյունաբերական համալիրի խոշորագույն ձեռնարկությունները համաժողովում ներկայացնում են իրենց ամենաառաջադեմ մշակումները:
Ամենահետաքրքիր նորույթները վերաբերում են հրթիռային թեմատիկային, ընդ որում՝ միանգամից մի քանի ոլորտներում: Առաջին անգամ ցուցադրվում է առանց անձնակազմի ռոբոտացված ԲՄՊ-3 մարտական մեքենան: Նորությունների թոփ տասնյակում է Zala 421-24 կվադրոկոպտերային տիպի նոր անօդաչու թռչող սարքը: Այն կարող է անտեսանելի մնալ իր յուրահատուկ տեխնիկական պարամետրերի շնորհիվ:
Ներկայացված էին նաև արդիականացված ինքնագնաց հակատանկային «Սպրուտ-ՍԴՄ1» հրանոթը, «Օռլան-10Ե» և «Օռլան-30» նորագույն անօդաչու թռչող սարքերը, որոնք կարող են բարձր ճշգրտության զենքի հարվածներ հասցնել:
Համաժողովի ցուցադրական ծրագրի շրջանակներում Ալաբինո զորավարժարանում և Կուբինկա օդանավակայանում հյուրընկալվել են աշխարհի տարբեր երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ և պատվիրակություններ, պաշտպանական-արդյունաբերական համալիրի ներկայացուցիչներ, ռազմական մասնագետներ և փորձագետներ։
Ֆորոմի պաշտոնական բացմանը Ռուսաստանի նախագահ Պուտինը առանձնացրեց՝ Մոսկվան հանդես է գալիս ռազմատեխնիկական համագործակցության ամենալայն, համակողմանի զարգացման օգտին, ինչը կարևոր է նոր, բազմաբևեռ աշխարհի ձևավորման պայմաններում։
Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - Բարձր ենք գնահատում այն, որ մեր երկիրը բազմաթիվ դաշնակիցներ, գործընկերներ, համախոհներ ունի տարբեր մայրցամաքներում։ Նրանց առաջնորդներն իրեն դրսևորում են որպես իրական տղամարդ և չեն կոտրվում: Նրանք ընտրում են զարգացման ինքնիշխան, ինքնուրույն ուղին, ցանկանում են հավաքական կերպով լուծել գլոբալ և տարածաշրջանային անվտանգության հարցերը՝ միջազգային իրավունքի, փոխադարձ պատասխանատվության և միմյանց շահերը հաշվի առնելու հիման վրա, դրանով իսկ իրենց ներդրումն ունենալ բազմաբևեռ աշխարհի պաշտպանության գործում:
«Բանակ 2022» համաժողովի և բանկային խաղերի բացմանը հայաստանյան պատվիրակությունը գլխավորում էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակում պաշտպանական գերատեսչության ղեկավարի գլխավորած պատվիրակությունը ֆորումի առաջին օրը հանդիպումներ ունեցավ ՌԴ ռազմատեխնիկական ոլորտի առաջատար կազմակերպությունների ղեկավարների հետ: Քննարկվել են ռազմատեխնիկական կապերի զարգացման հեռանկարները, ինչպես նաև պետությունների պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման հարցերը:
Պաշտպանության նախարարը հյուրընկալվեց նաև մերձմոսկովյան Ալաբինո զորավարժարանի տարածքում բացված «Բարեկամության տանը», որտեղ իրենց մշակութային տաղավարներն են ներկայացրել Միջազգային բանակային խաղերի մասնակից պետությունները: Սուրեն Պապիկյանը ծանոթացավ հայկական տաղավարում ցուցադրվող պատմամշակութային ցուցանմուշներին, շրջեց մասնակից այլ երկրների տաղավարներով:
Բենիամին Սալալյան (փոխգնդապետ) - Հայաստանի Զինված ուժերի տանկային անձնակազմը այս տարի մասնակցում է «Ալաբինո» զորավարժարանում «բանակային խաղերի» շրջանակում անցկացվող «Տանկային բիաթլոն» մրցույթին: Տանկի անձնակազմն ամբողջությամբ կազմված է ժամկետային զինծառայողներից, որոնք ծառայել են առնվազն մեկ տարի:
Ռուսաստանի Դաշնություն այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարարը կհանդիպի իր ռուսաստանցի գործընկերոջ, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու հայ-ռուսական ռազմական համագործակցության հագեցած օրակարգը: