Անահիտ Ավետիսյան («Սուրմալու» առևտրի կենտրոնի աշխատակից) - Պայթյունն էն կարգի էր, որ մթնեց ամեն ինչ, հող, փոշի, օդ չկար շնչելու:
Հղի կնոջն անծանոթ անձինք են հասցրել «Շենգավիթ» բժշկական կենտրոն: Պայթյունի պահին Անահիտ Ավետիսյանը խանութի խոհանոցային հատվածում է եղել:
Անահիտ Ավետիսյան - Ձայներ լսեցի, դուրս եկա, աղջիկները արդեն հետևում էին, գնացինք միասին, կանգնեցինք, պայթյուն եղավ, տնօրենին հետ շպրտեց, հետո շենքը փլվեց, մի կերպ դուրս եկանք փլատակների վրայով:
Մանկական հագուստի առևտրի կետում Անահիտն աշխատում է 5 տարի: Սեպտեմբերի 1-ին ընդառաջ հաճախորդներ շատ կային: Ըստ նրա՝ մարդկանց շարժն ընդհանրապես կիրակի սովորականից շատ է լինում: Մի կերպ փախել են կրակի միջով՝ փորձելով ծխապատ տարածքից հնարավորինս արագ հեռանալ: Բոբիկ, կոշիկները մնացել են քարերի տակ:
Ժենյա Խաչատրյան (մայրը) - Աշխատողները օգնել են, մի կերպ դուրս են հանել, ոտքերը որ կոշիկներից դուրս հելավ, ոտաբոբիկ, սալյուտների վրայով, վառվել են, ցեխերի մեջ կորած, մաքրել են օտար մարդիկ, դրել են մեքենան, բերել, հասցրել ստեղ:
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած դեպքից անմիջապես հետո 14 անձ տեղափոխվել է այս բուժկենտրոն: Գրեթե բոլորը հոսպիտալացվել են կարճ ժամանակով, բուժօգնությունից հետո դուրս գրվել հիվանդանոցից: 6 ամսական հղի կնոջ վիճակը գնահատվում է բավարար:
Դավիթ Մխիթարյան («Շենգավիթ» ԲԿ գլխավոր բժիշկ) - Մանկաբարձական խնդիրներ չկան, մի փոքր այրված հատված կա, կինը դուրս է գրվում, կլինի տեղամասային բժշկի հսկողության տակ: Մեկն էլ ծխահարվել էր, տեղափոխվել էր պալատ, այսօր դուրս է գրվել բավարար վիճակում: Այլ տուժածներ չունենք:
Անահիտ Ավետիսյանը ցավում է՝ իրենց աշխատակից Էռնա Գրիգորյանից դեռ տեղեկություն չկա, միասին են աշխատում, բայց պայթյունի պահին միասին չեն եղել:
Անահիտ Ավետիսյան - Մեզ հետ չի փախել, հիմա ուղղակի Էռնան չկա:
Մարմնի տարբեր հատվածների այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Մարտիկ Սարգսյանը: Երկար տարիներ «Սուրմալուում» կանացի հագուստի բիզնես ունի: Կիրակի ընկերներից մեկն էր այցելել խանութ, առևտուրը ավարտել, ցանկացել է դուրս գալ: Դուռը բացել, ուժգին պայթյունի ձայնից կրկին փակել է: Ներսում՝ կինը, որդին, ընկերոջ ընտանիքը: Փլատակների միջից հազիվ անցք է բացել, դուրս եկել, շտապօգնության մեքենայով տեղափոխվել Այրվածքաբանության կենտրոն:
Մարտիկ Սարգսյան («Սուրմալու» առևտրի կենտրոնի աշխատակից) - Ոնց որ տանկից կրակում են, ծխով, մխով, դավլենիյով: Պատալոկը փլվավ, խառնվավ, մնացի դռան, սեղանի արանքը: Դուրս գալուց, կրուգոմ վառվում էր, ավտոն կրակ էր ընկել:
Մարտիկ Սարգսյանի խոսքով՝ փառք Աստծո, ամբողջ ընտանիքը փրկվել է: Լուր չուներ միայն ընկերոջ ընտանիքից:
Մարտիկ Սարգսյան - Լսիր, Հրաչից խաբար չկա՞...
Լուր կա. Մարտիկ Սարգսյանը կնոջ՝ թեթև վնասվածք ստացած տիկին Սվետայի հետ խոսեց. Հրաչը, նրա կինն ու երեխան լավ են, չեն վնասվել:
Հռիփսիմե Մովսիսյան (Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն) - Միայն մեկ անձ է տեղափոխվել: Այրվածքային մակերեսը մոտավոր 6 տոկոս, 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի, ունենք դրական դինամիկա, մոտ ապագայում թույլ կտա դուրս գրել հիվանդանոցից:
Մարտիկ Սարգսյանի խոսքով՝ պայթյունն իրենցից մոտ 20 մ հեռավորության վրա է եղել: Ընտանիքի անդամները տարբեր ուղղություններով են փախել կրակից, հետո գտել իրար: