ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 83-ամյա բնակչի առևանգման դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ Իջևան համայնքում հաշվառված 37-ամյա Սուրեն Մանուկյանը և 25-ամյա Արմեն Քամալյանը կալանավորվել են:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 37-ամյա տղամարդը, իր մտերիմ 25-ամյա երիտասարդի և մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնություն ձեռք բերելով 83-ամյա տղամարդուն առևանգելու շուրջ, 2022թ. հուլիսի 27-ին՝ վաղ առավոտյան, դիմակավորված դարանակալել և Opel մակնիշի ավտոմեքենայի մեջ սպասել են 83-ամյա տղսմարդուն: Ժամը 07:00-ի սահմաններում, երբ վերջինս դուրս է եկել իր տան բակից, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք, ֆիզիկական ուժ գործադրելով, նրա կամքին հակառակ նստեցրել են վերջինիս նշված ավտոմեքենան, փակել աչքերն ու բերանը և դուրս բերել գյուղից:
Կարճ ժամանակ անց տարեց տղամարդուն տեղափոխել են TOYOTA LAND CRUISER PRADO 2.7 մակնիշի ավտոմեքենա, որից հետո նրան տարել են Լոռու մարզի Ծաթեր գյուղ, պահել նույն գյուղի բնակիչներից մեկից վարձակալած հյուրատանը և ՀՀ ոստիկանությունից ստացված տեղեկություններով՝ ընտանիքի անդամներից գումար պահանջել: Հանցակիցներից մեկը, մինչև 2022 թվականի օգոստոսի 2-ը մշտապես գտնվելով հյուրատանը՝ հսկել է նրան:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, ստանալով պահանջված գումարը՝ 2022 թվականի օգոստոսի 2-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք HYUNDAI SONATA 2.4 մակնիշի ավտոմեքենայով ժամանել են Ծաթեր գյուղի հիշյալ վայր, որտեղից աչքերը փակած վիճակում տղամարդուն տեղափոխել են նշված ավտոմեքենան և ընթացել դեպի Իջևան քաղաք: Նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, տղամարդուն ավտոմեքենայից իջեցրել են ճանապարհի անտառապատ գոտում և հեռացել դեպի Իջևան քաղաք, որից հետո հեռախոսակապի միջոցով հարազատներին հայտնել են նրա գտնվելու վայրը: Աչաջուր գյուղի բնակիչը հարազատների կողմից հայտնաբերվել է այդ օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Սուրեն Մանուկյանին և Արմեն Քամալյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: