Օգոստոսի 15-ին լրանում է մեծանուն գրող և ազգային-մշակութային գործիչ Վահագն Դավթյանի ծննդյան 100-ամյակը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի, ՀՀ գրողների միության և Վահագն Դավթյանի ընտանիքի անդամների, մտավորականների, արվեստագետների հետ այցելել են Կոմիտասի անվան պանթեոն և ծաղիկներ խոնարհել մեծանուն գրողի շիրիմին:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը բարձր է գնահատել Վահագն Դավթյանի դերը հայ գրականության և ազգային-մշակութային կյանքում:
Նախարարի տեղակալը նշել է, որ գրքի երևանյան փառատոնի շրջանակում տեղի կունենա հոբելյանական երեկո՝ նվիրված մեծանուն մտավորականի 100-ամյակին:
Վահագն Դավթյանի ստեղծագործությունները տպագրվել 1935 թվականից։ Նա հեղինակել է ավելի քան 40 բանաստեղծական ժողովածուներ, գրական-հրապարակախոսական հոդվածների 2 գիրք, մամուլում տպագրված մոտ 1000 հոդվածներ, գրախոսություններ, էսսեներ, հուշագրություններ։
Հրատարակվել են նրա «Առաջին սեր» (1947 թ.), «Աշխարհի առավոտը» (1950 թ.), «Ճանապարհ սրտի միջով» (1953 թ.), «Լուսաբացը լեռներում» (1957 թ.), «Ամառային ամպրոպ» (1964 թ.), «Բայց ծնվեցի» (1965 թ.), «Գինու երգը» (1966 թ.), «Ծուխ ծխանի» (1969 թ.), «Անկեզ մորենի» (1972 թ.), «Երկերի ժողովածու» (2 հատոր, 1975 թ., 1985 թ.), «Զուգահեռ ճանապարհ» (1976 թ.), «Կապույտ գիրք» (1978 թ.), «Բարի հսկան» (հուշագրություն Վիլյամ Սարոյանի մասին, 1979 թ.), «Լույսն իբրև հաց» (1980 թ.), «Ասք սիրո» (1982 թ.), «Լույս առավոտի» (1984 թ.), «Անքնություն» (1987 թ.), «Ծննդավայր» (1988 թ.), «Ի սկզբանե էր Բանն» (1989 թ.), «Հայաստան 88» (1991 թ.), «Համառոտ պատմություն հայոց» (1992 թ.), «Գիրք ողբի և գովքի» (1994 թ.), «Հողմաշունչ գիշերներ» (1995 թ.), «Անխորագիր» (էսսե վիպակ, 2003 թ.), «Օրհնության նվագներ» (2003 թ.), «Արևոտ հովիտ» (2007 թ.), «Հայերգություն» (2008 թ.), «Ընտրանի» (2012 թ.) գրքերը։
Վահագն Դավթյանը գրել է քնարական բանաստեղծություն, բալլադ, ասք, պոեմ։ Գրողի երկերում ընդգծվում են սերը, հողի և աշխատանքի պոեզիան, բնությունը, պատմության առավել դրամատիկ դրվագները (պատմական ասքերը, մասնավորապես, «Թոնդրակեցիներ» (1961 թ.) պոեմը)։ Թարգմանություններ է կատարել Ս. Եսենինից, Շ. Պետեֆիից, Ռ. Բյոռնսից, Ա. Բլոկից և ուրիշներից։ Գրել է ակնարկներ, հրապարակախոսական, գրականագիտական հոդվածներ, հուշագրային նոթեր և այլն։ Հեղինակել է «Մհերի դուռը» դրամատիկական երկը, որը 1970 թ. բեմադրվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, պարսկերեն և այլ լեզուներով։