Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը «Երևանի պահածոների գործարան» ընկերությունում, առավել հայտնի՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում 2021-ի մարտին 16 խախտում է արձանագրել, 50.000 դրամ տուգանել ու տվել կարգադրագիր: Ըստ տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության պետ Ռուբեն Խաչունցի՝ մոտ 1.5 տարի առաջ տարածքը ստուգել, պայթյունային իրավիճակ չեն կանխատեսել, «Սուրմալուի» տաղավարները պետք է վերստուգեին այս աշնանը:
Ռուբեն Խաչունց (ՔՏՀԱՏՄ տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության պետ) - Դրանք վերաբերում են և՛ միջտարածություններին, և՛ հակահրդեհային ջրամատակարարմանը, և՛ ինքնաշխատ համակարգերին: Ընդ որում, հատկապես հակահրդեհային ջրամատակարարման հարցերը բնորոշ են բոլոր նմանաբնույթ օբյեկտների համար: Էս պահին մենք ունենք մոտավորապես 8000 ՀՀ-ում բարձր ռիսկայնության օբյեկտ: Մենք կարողանում ենք ստուգում իրականացնել տարվա ընթացքում մոտ 500 օբյեկտում:
Տեսչականի վարչության պետի խոսքով՝ միայն 2021-ին 672 հրդեհատեխնիկական հետազոտություն, 396 ստուգում և 249 վերստուգում են արել, երկրորդ անգամ տուգանել: Ռուբեն Խաչունցն ասում է՝ շատ տնտեսվարողների համար վարչական տույժն էական նշանակություն չունի, օրենքով սահմանված կարգով վճարում են 50, վերստուգումից հետո 150.000 դրամը, շարունակում աշխատանքը: Ծայրահեղ միջոցի՝ տաղավարի շահագործման դադարեցման գնում են խիստ անհրաժեշտության դեպքերում:
Ռուբեն Խաչունց (ՔՏՀԱՏՄ տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության պետ) - Եթե 1.5 տարի առաջ գնացել, ստուգում ա արվել, կարող ա՝ էսօր ստուգում եմ իրականացնում, 10 օր հետո տնտեսվարողը բերում ա և էդ պահեստները լցնում ա ինչ-որ պայթուցիկ նյութերով կամ հրավառ նյութերով, էն դեպքում, երբ ստուգման ընթացքում ուղղակի չկային:
Տեսչականից կատարվածի վերաբերյալ մասնագիտական գնահատական տալ չեն շտապում, ասում են՝ կնշանակվեն հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական ու նյութատեխնիկական փորձաքննություններ: Արդյունքները պարզ լինելուց հետո միայն կխոսեն, գնահատական կտան: Ըստ Խաչունցի՝ 100 տոկոսանոց երաշխիք չկա, որ մյուս առևտրի կենտրոններում հրդեհային իրավիճակներ չեն կարող լինել: Իրենք նույն ժամանակահատվածում ստուգել, գրեթե նույն խախտումների հիմքով կարգադրագրեր են տվել նաև երևանյան մի շարք այլ առևտրի կենտրոնների տնտեսվարողներին:
Ռուբեն Խաչունց - Բացի «Սուրմալուից», 2021 թվականին տուգումներ և հետազոտություններ են անցկացվել «Փեթակում», «Գնունի շուկայում», «Մալաթիա մոլում», «Երևան մոլում», «Առինջ մոլում» և այլ նմանատիպ բոլոր խոշոր առևտրի և զվարճանքի օբյեկտներում: Հիմնական խախտումները վերաբերում են ինքնաշխատ համակարգերին՝ թե՛ ահազանգման, թե՛ հրդեհաշիջման և հակահրդեհային ջրամատակարարմանը, թե՛ արտաքին, թե՛ ներքին:
Տեսչականից համոզված են, եթե տնտեսվարողները պատասխանատվություն ցուցաբերեն ու պատշաճ կազմակերպեն տարածքի անվտանգությունը, այսպիսի դեպքեր անհամեմատ քիչ կլինեն: Միայն 2021 թվականին բազմաթիվ առևտրի կենտրոնների տնտեսվարողներ ավելի քան 45 միլիոն դրամի տուգանք են վճարել, 2022-ի առաջին կիսամյակում՝ ավելի քան 34 միլիոն դրամ, սակայն նրանց մեծամասնությունն այդպես էլ չի վերացրել թերությունները: