«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանը «Լուրերի» թղթակցի հետ զրույցում նշեց, որ ԲԿ է դիմել 10 տուժած քաղաքացի, որոնց հիմնական մասը եղել են երեխաներ՝ իրենց ծնողների ուղեցկությամբ, և 1 մեծահասակ է դիմել։
«Բոլորին ցուցաբերվել է ամբուլատոր բուժօգնություն և ուղարկվել են տուն. բացառությամբ մեկ երեխայի՝ 5 տարեկան, որը ծխահարության պատճառով հոսպիտալացվել էր մեր վերակենդանացման բաժանմունքում. վիճակը կայուն է, հարազատները մոտեցել են։ Մեր տվյալներով՝ մայրը գտնվում է «Շենգավիթ» ԲԿ-ում, վիճակը կայուն է։ Շուտով երեխան կտեղափոխվի բաժանմունք. ևս մի քանի ժամ կհսկենք պալատում. ամենայն հավանականությամբ իրեն էլ այսօր դուրս ենք գրելու տուն»,- նշեց ԲԿ-ի փոխտնօրենը։
Անդրադառնալով երեխայի մահվան վերաբերյալ տարածվող տեղեկատվություններին՝ նա ասաց հետևյալը. «Մեր ԲԿ-ի անունից կարող եմ ասել, որ այստեղ նման բան տեղի չի ունեցել։ Հորդորում եմ, որ կեղծ տեղեկատվություն չտարածեն, հետևեն միայն պաշտոնական լրահոսին, և ավելուրդ խուճապ չտարածվի»,- նշեց Դավիթ Դալլաքյանը։