Էլեկտրոնային արդարադատության ներդրումը սկսվում է քաղաքացիական դատավարության թվայնացումից: Դեռ հուլիսի 21-ի նիստում գործադիրն այս նպատակով 348 մլն դրամ էր հատկացրել: Մրցույթը կայացել է, հաղթողը կա, պատասխանատու կառույցում վստահ են՝ սա կբերի դատական, թերևս, ամենածանրաբեռնված ճյուղի թեթևացմանը:
Լիանա Թովմասյան (ՀՀ արդարադատության նախարարության խորհրդական) - Լինելու է համակարգ, հարթակ, որով քաղաքացիական դատավարության ցանկացած սուբյեկտ, օրինակ՝ հայցվոր կամ պատասխանող, կամ պատասխանողի կողմից կա՛մ փաստաբան, կա՛մ հենց դատավորն ինքը ունենալու են իրենց առանձին մուտքի հնարավորությունը, «յուզեռ» ասվածը, որի միջոցով նրանք մուտք են գործելու համակարգ և օրենսդրությամբ իրենց վերապահված գործողությունները կատարելու հնարավորություն են ունենալու:
Նոր ստեղծվող հարթակը հնարավորություն է տալու կողմերին դատավարական գործողությունները կատարել առցանց, առանց դատարան այցելելու, առանց բյուրոկրատական քաշքշուկի, նվազ թղթաբանությամբ: Հայցերի, ապացույցների, միջնորդության, անգամ վերադաս ատյան բողոքների ներկայացումը, վճիռների, որոշումների հրապարակումը ու ոչ միայն այս ամենը՝ կարվի հենց համակարգով:
Լիանա Թովմասյան - Այժմ փաստաբաններն են ներկայացնում հայցեր, ապացույցներ, և այս ամբողջ դատավարական պրոցեսի սուբյեկտը հենց իրենք են, իրենց կողմից ներկայացվող ցանկացած թղթային փաստաթուղթ, նույնիսկ պետական տուրքի վարման անդորրագրերը, հնարավոր է լինելու ներկայացնել էլոկտրոնային՝ միանգամից համակարգի միջոցով, ոչ թե սկքնավորել, այլ հենց համկարգում կառուցել փաստաթուղթը, օրինակ՝ միջնորդությունը:
Սա կխնայի ժամանակը, կբերի նաև դատական գործերի քննության ժամկետների կրճատմանը՝ վստահ է Թովմասյանը: Նախարարության պաշտոնյայի խոսքով՝ հարթակից կկարողանան օգտվել նաև այն քաղաքացիները, որոնք հայց են ուզում ներկայացնել, բայց չունեն իրավաբանական կրթություն, փաստաբանի ծառայությունից էլ չեն օգտվում:
Լիանա Թովմասյան - Հարթակի ներդրումը ոչ միայն կօգնի ավելորդ փաստաթղթաշրջանառությունից խուսափել և ժամանակ խնայել, այլև կօգնի այն գործընթացներին, որոնք կան հայց ներկայացնելու փուլում, ենթադրենք՝ որոշակի պահանջներ, որոնք, ըստ օրենքի, պարտադիր են հայցվորի համար: Այնտեղ արդեն նշված է լինելու և ակնառու է լինելու, քաղաքացին չպետք է գնա, օրենսգրքերը գտնի, բացի, ուսումնասիրի: Արդեն համակարգում կլինի, ու ինքը կտեսնի՝ եթե համապատասխանում է, կանցնի մյուս փուլին:
Քաղդատի թվայնացումը սկսվել է դատաիրավական բարեփոխումների 22-26 թթ. ռազմավարությամբ հաստատված պլանով: Նոր հարթակը, ըստ Լիանա Թովմասյանի, ամբողջությամբ պատրաստ կլինի 2023-ի առաջին կիսամյակում: Նախարարության խորհրդականն ասում է՝ այս փոփոխությանը կողմ են թե՛ դատավորները, թե՛ քաղհասարակությունը: Քաղաքացիականից հետո հերթը հասնելու է նաև քրեական ու վարչական դատավարություններին: