ՏՏ ընկերության երիտասարդ թիմի ստեղծած տեխնոլոգիական արտադրանքը ֆինանսական ու առողջապահական ոլորտների համար է, արտահանվում է Միացյալ Նահանգներ: Ընկերության ղեկավարի խոսքով՝ սկսել են Եվրոպա արտահանումը, մտածում են նաև ներքին շուկային համապատասխան մոդել ստեղծել:
Արման Աղլամազյան («Իմեա սիսթեմս» ընկերության հիմնադիր տնօրեն) - Միացյալ Նահանգներում գոյություն ունեն ֆինանսական խմբեր, որոնց ամբողջ ֆինանսական հասույթը, դատան, ինֆորմացիան պետք է վերահսկվի: Էդ ամբողջն արվում է սոֆթեր տեխնոլոգիաներով, և մենք ստեղծում ենք առաջատար տեխնոլոգիաներ՝ արհեստական բանականության միջոցով:
Ոլորտի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից է, որի նպատակն է նորարարությունների հիման վրա գիտելիքահեն տնտեսության զարգացումը: 2021-ին հարկային արտոնություն ստանալու համար դիմել է ՏՏ 229 ընկերություն, հավաստագիր ստացել՝ 210-ը։
Ռոբերտ Խաչատրյան (ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար) - Աննախադեպ դիմումների աճ ունենք արտոնություններից օգտվող ընկերությունների համար: Ավելի քան 600 ընկերությունից հայտ ենք ստացել. ասում եմ հունիսի տվյալները, հուլիսը դեռ չենք ամփոփել, եռակի աճ է, նախորդ տարվա համեմատ:
Արման Աղլամազյան - Դիմել էինք հավաստագրի, պետությունը այդ առումով սըփորթ արել է, օգնել է, դրանից հետո ընկերությունը սկսեց արագ աճել, շնորհիվ նաև մեր ստրատեգիայի, մարդկանց հնարավորությունների, աշխատասիրության:
Կառավարության քայլերից է տեխնոլոգիական ոլորտի նորաստեղծ ընկերություններին հարկային արտոնությունների տրամադրումը. մինչև 30 աշխատակից ունեցող կազմակերպությունները վճարում են 10% եկամտահարկ և ազատվում են շահութահարկից:
Արման Աղլամազյան - Շատ ընկերություններ գիտեմ, որ բավական հաջողության են հասել, շատ լավ հնարավորություն է, ստարտափի համար:
Նախարար Խաչատրյանը կարևոր է համարում նաև մարտին Կառավարության հաստատած ՏՏ ընկերություններին պետական աջակցության նախագիծը, ըստ որի՝ ընկերություններին է վերադարձվում նոր ստեղծված աշխատատեղերի համար վճարված եկամտահարկի 50 տոկոսը:
Ռոբերտ Խաչատրյան - Գումարը կարող է օգտագործվել ընկերության զարգացման, աշխատակիցներին խրախուսելու համար, ասինքն՝ ոչ մի սահմանափակում չկա, ազատ են: Այդ արտոնությունից կարող են օգտվել խոշոր ընկերությունները, այսինքն՝ եթե իրենք նոր աշխատակիցների են ներգրավում՝ 10 և ավելի, արդեն դա համապատասխանում է ընկերություններին:
Պետական աջակցության ծրագրերն, ըստ նախարարի, մեծացրել են ոլորտի հանդեպ հետաքրքրությունը: ՏՏ այս թիմը ստեղծել է ևս մեկ ընկերություն՝ տեխնոակադեմիա:
Մեղրի Չորպաճեան («ԲԼԵՔՄԱՐ ԼԱԲԶ» ընկերության ծրագրերի համակարգող) - Նպատակն է՝ ուսումնական ոլորտը հասցնել նոր մակարդակի: Ծրագրավորում, դիզայն, մարկետինգ: Վարում են միջազգային կարգի մասնագետներ:
Ակադեմիան կես տարի է՝ գործում է: Մասնագիտությունը պահանջված է, դիմողները՝ շատ: