Վանանդի հողերը տարեցտարի քարերից մաքրվում, մշակության համար դառնում են նպաստավոր: Տնկարանի այս տարածքը մի ժամանակ նույնպես քարուտ էր: Մանուկյաններն այն մաքրել, պարարտացրել ու պտղատու ծառերի տնկիներ են դրել: Տնկանյութը ստանում են կորիզից: Պատահել է, որ կորիզը գնել-ցանել են, բայց որակյալ տնկի չեն ստացել: Հիմա տնկանյութը ստանում են իրենց աճեցրած մրգերի կորիզներից:
Ջիվան Մանուկյան (հողագործ) - Ծուխ տված կորիզ են ծախում, դնում ես՝ չի ծլում:
Վանանդը 80-ականներից մասնագիտացել է տնկարանային արտադրության ոլորտում: Խորհրդային պլանային տնտեսության տարիներին կորիզավոր տնկանյութի մոտ 30 տոկոսը Վանանդն էր մատակարարում: Այսօր համայնքի դերը կիսով չափ նվազել է:
Ջիվան Մանուկյան - 15-20 տոկոսը Հայաստանի մասշտաբով մեծ թիվ է, որովհետև շատը ներմուծում ենք Իսպանիայից: Ես արտադրում եմ սեղանի սորտ՝ ինտենսիվ այգու համար. նուշի մասին է խոսքը:
Մանուկյանների տնտեսությունում նուշի, սալորի, ծիրանի, դեղձի մոտ 70 հազար տնկի կա՝ հարուստ տեսակներով: Տնտեսվարողն այնպիսի սորտեր է ընտրում, որոնց պտուղը հյութեղ լինելուց բացի նաև դիմացկուն լինի: Երևանյան-14 տեսակի ծիրանը, օրինակ, շալախին գերազանցում է թե՛ որակով, թե՛ առատ բերքատվությամբ: Դրան լավ ծանոթ են չրագործները:
Ջիվան Մանուկյան - Երկու հեկտար այգի եմ դրել, ոչ մի հատ շալախ չեմ դրել: Երևանյան-14-ը և՛ արտահանվում է, և՛ ծառի վրա չիր է լինում: Դրան ծուխ չեն տալիս, բնական չիր է լինում, լիքը պահանջարկ կա: Հայաստանը կարող է միլիոնավոր տոննա չիր արտադրել:
Նուշի տեսակներ էլ կան, որ ներմուծում է. շուտ են բերքատու դառնում և շատ պտուղ են տալիս: Նոր տեսակներ ստանալու համար հողագործը նաև փորձարկումներ է անում:
Ջիվան Մանուկյան - Դեղձը արված է նշենու արմատակալի վրա, որը հարուստ արմատային մաս ունի և տարիների ընթացքում նորմալ բերքատվություն է ապահովում: Էս պահին հասունացող սալոր ունենք՝ միջահաս, ուշահաս, սեպտեմբերին հասնող սալոր ունենք ընտիր, սիրուն մաշկով:
Կորիզավորներից բացի՝ նաև ընդավորների՝ տանձի, խնձորի, սերկևիլի տնկիներ է դրել: Կորիզից տնկի ճանապարհը 2 տարի է: Յուրաքանչյուր տնկանյութ հատուկ խնամք է պահանջում:
Ջիվան Մանուկյան - Հանգիստ չի, աշխատատար պրոցես է, պետք է տեր կանգնես: Օրինակ՝ տարածքում լավ շուն կար, բայց ես նրան տեղափոխեցի, որովհետև տնկարանի միջով գնում, պատվաստը կոտրում էր:
Կարկտաբեր ամպերն այս տարածքում շատ են, դրա համար հակակարկտային 17 կայան են ամրակայել: Ոռոգման ջուրն էլ, որ ստանում են Ախուրյանի ջրամբարից, այնպես է բաշխվում, որ բույսին անհրաժեշտ խոնավությունը մշտապես պահպանվի: