Սևանա լիճը շարունակում է ծաղկել... Մեծ Սևանի հարավից մինչև Գավառի ու Մարտունու ափամերձ տարածքներ ջրիմուռներ են: Ըստ մասնագետների՝ կապուտաչյա գեղեցկուհին ծաղկում է, քանի որ այդ հատվածներում ֆոսֆորի ու ազոտի քանակությունն ավելի մեծ է, ջուրն էլ ավելի շուտ է տաքանում:
Գայանե Շահնազարյան (ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» փոխտնօրեն) - Եթե լիճը գտնվում է նորմալ, հավասարակշռային վիճակում, պետք է այսպիսի երևույթներ տեղի չունենան, իսկ սա արդեն նշանակում է, որ գնում է դեպի էֆտրոտացում: Սա բացասական նշան է, բացասական երևույթ է լճերի, առողջ լճերի համար:
Որ առողջ լճերը չթունավորվեն, Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրենն ասում է՝ պետք է միջոցներ ձեռնարկել, որ կոյաջրերը Սևանա լիճ չլցվեն: Բնապահպաններն ասում են՝ եթե ծաղկումն ավելի երկար տևի ու պարբերական բնույթ կրի, Սևանա լիճը կճահճանա: Վիկտորիա Բուռնազյանը հիշեցնում է՝ կապտականաչ ջրիմուռները նաև թույներ են արտանետում, ծաղկած վայրերում լողալը վտանգավոր է առողջությանը:
Վիկտորիա Բուռնազյան («Էկոլուր» տեղեկատվական ՀԿ փոխնախագահ) - Քանի որ Սևանա լճի հատակի հիպոլինիոմի շերտը մեծ Սևանում կտրուկ նվազել է, այսինքն՝ ընդհանրապես չկա, փոքր Սևանում խիստ նվազել է: Այդ շերտը թույլ չէր տալիս, որպեսզի հատակային տիղմը խառնվի լճին, հիմա այդ շերտը չկա, և այդ տիղմը խառնվում է, ֆոսֆորը բարձրանում է վերև, ու ստացվում է այն, ինչ ունենք:
Գայանե Շահնազարյանի խոսքով՝ ծաղկմանը հաջորդելու է կալցիումացման փուլը: Հետո տեղի կունենա մաքրում, և մոտ տասը օրից Սևանա լիճը կվերադառնա նախկին տեսքին: Կախված կլիմայից՝ ծաղկումը սովորաբար տևում է երեքից չորս շաբաթ: Կանաչը վերանում է, երբ անհետանում է ֆոսֆորը:
Գայանե Շահնազարյան - Սևանա լճում առկա է բավարար սնուցող նյութերի քանակություն, ինչն էլ բերում է այս ծաղկման պրոցեսներին: Ծաղկման ինտենսիվությունը տարբեր տարիներին տարբեր ձևով է արտահայտվում, ու նաև ժամանակաշրջանն է որոշակիորեն հունիսից շեղվում դեպի հուլիս կամ օգոստոս, ինչը պայմանավորված է ջերմակլիմայական պայմաններով:
Կապուտաչյա գեղեցկուհուն փրկելու համար օրենքով սահմանվել է, որ ոռոգման համար ջրառը տարեկան չպետք է գերազանցի 170 միլիոն խորանարդ մետրը: Այս տարվա հունիսի 3-ից մինչև հուլիսի 24-ը Սևանա լճից բաց է թողնվել ավելի քան 79 միլիոն խորանարդ մետր ջուր: Թեև սահմանված թիվը գերազանցելու միտում չկա, այնուամենայնիվ, 2022-ի յոթ ամսում Սևանա լճի մակարդակը դրական հաշվեկշիռ չի ունեցել: Ու թեև Արփա-Սևան ջրատարով նախորդ տարվա համեմատ ավելի շատ ջուր է հոսել Սևանա լիճ, այնուամենայնիվ, լճի մակարդակը շարունակում է 2021-ի համեմատ 8 սմ-ով ցածր մնալ: Այս պահին լճի մակարդակը 1900.43 մետր է:
Վիկտորիա Բուռնազյան - Իսկ ամեն սանտիմետրը մոտ 13 միլիոն խմ ջուր է: Հիմա ջրի մակարդակը իջնում է և՛ ջրբացթողումների արդյունքում, և՛ գոլորշիացման հետևանքով: Մենք մի տարի ունեինք, որ հոկտեմբեր ամսին ինտենսիվ անձրևներ էին գալիս, լճի մակարդակն իջնում էր, չէինք հասկանում՝ պատճառը որն է, նույնիսկ կարծում էինք, որ էլի հավելյալ ջրառ է իրականացվում, պարզվեց, որ գոլորշիացում է տեղի ունենում:
Իսկ կլիմայի փոփոխության ազգային կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ Սևանա լճի համար կանխատեսումները բացասական են, ունենալու ենք գետային հոսքի կրճատում, գոլորշիացման ավելացում: