ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՆԱՎԹՆ ԱՐՏԱՀԱՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋՈՑՈՎ
Ղազախստանի էներգետիկայի նախարար Բոլատ Ակչուլակովը հերքել է տեղեկությունը, թե Նուր Սուլթանը նախատեսում է նավթի արտահանում՝ շրջանցելով Ռուսաստանը։ Ճեպազրույցի ժամանակ պաշտոնյան հայտնել է, որ սեպտեմբերին նավթի տեղափոխման մասին որևէ համաձայնագրի ստորագրման մասին խոսք չկա: «Բացի դրանից՝ 1,5 մլն տոննան բավական ծիծաղելի է, այդ ծավալը չի կարող լուծել մեր արտահանման հետ կապված խնդիրները»,- ասել է նախարարը՝ մեկնաբանելով ավելի վաղ Reuters-ի հրապարակումը:
Ակչուլակովը հայտնել է, որ Ղազախստանի հիմնական խնդիրը Կասպից խողովակաշարային կոնսորցիումի համակարգի անխափան աշխատանքի պահպանումն է, քանի որ դա երկրի համար առավել շահավետ տարբերակ է:
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, թե սեպտեմբերից Ղազախստանը կսկսի նավթի մի մասը վաճառել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով, քանի որ այլընտրանք է փնտրում այն երթուղուն, որը Ռուսաստանը, իբր, սպառնացել է փակել: Աղբյուրը նշել էր, որ Ղազախականի նավթի արտահանումը կազմում է համաշխարհային մատակարարումների ավելի քան 1%-ը կամ օրական մոտավորապես 1,4 մլն բարել: Ղազախական նավթը Կասպից խողովակաշարային կոնսորցիումի միջոցով տեղափոխվում է Նովոռոսիյսկ նավահանգիստ, որն էլ ապահովոմ է մուտքը համաշխարհային շուկա: Reuters-ի զրուցակիցը հայտնել է, թե Ղազախստանը ցանկանում է ադրբեջանական խողովակաշարով տարեկան 1,5 մլն տոննա նավթ տեղափոխելու թույլտվություն ստանալ:
ԹՐԱՄՓԸ ԿԱՍԿԱԾՎՈՒՄ Է ԼՐՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի հարավային շրջանի դատարանը բավարարել է արդարադատության նախարարության խնդրանքը և հրապարակել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կալվածքի խուզարկության թույլտվությունը: Փաստաթղթում նշվում է, որ պետության նախկին ղեկավարին կասկածում են լրտեսության մասին օրենքը խախտելու համար: Նրա տնից գաղտնի տեղեկություն պարունակող 11 փաթեթ են առգրավել։
«Լրտեսության մասին օրենքն» արգելում է պաշտպանության մասին տեղեկատվության պահպանումը կամ փոխանցումը: Հանցագործությունը ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկում։
The Wall Street Journal-ի և Politico-ի տվյալներով՝ Հետաքննության դաշնային բյուրոն Թրամփի մոտ հայտնաբերել է մոտավորապես 20 տուփ՝ տարբեր առարկաներով, այդ թվում՝ լուսանկարներ, ձեռագիր գրառումներ և կրիչներ՝ Ֆրանսիայի նախագահի մասին տեղեկատվությամբ: The Washington Post-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՀԴԲ-ն միջուկային զենքի հետ կապված փաստաթղթեր է փնտրել նախկին նախագահի տանը:
Թրամփը վստահություն է հայտնել, որ խուզարկությունը կապված է 2024 թ. նախագահի ընտրությանն իր հնարավոր մասնակցության հետ։
ՀԱՑԱՀԱՏԻԿՈՎ ԲԵՌՆՎԱԾ 2 ԲԵՌՆԱՆԱՎ Է ԼՔԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱՎԱՀԱՆԳԻՍՏԸ
Ուկրաինական գյուղմթերքով երկու բեռնանավ դուրս են եկել Չերնամորսկ նավահանգստից՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
Բարբադոսի դրոշի ներքո Fulmars նավը 12 հազար տոննա եգիպտացորեն է տեղափոխում Թուրքիայի Իսքենդերուն քաղաք։ Իսկ Մարշալյան կղզիների դրոշի ներքո THOR նավը Թեքիրդաղ է տեղափոխում 3 հազար տոննա արևածաղկի սերմ:
ԱՄՆ-Ը ՉԻ ՈՒՂՂՈՐԴՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՄԱՐՏԻ ԴԱՇՏՈՒՄ. ՊԵՆՏԱԳՈՆ
ԱՄՆ-ը Ուկրաինային չի ուղղորդում, թե ինչպես պետք է մարտական գործողություններ վարել Ռուսաստանի դեմ՝ հարվածների թիրախները որոշում է Կիևը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը Ուկրաինային պարզապես տրամադրում է նրան անհրաժեշտ պաշտպանության միջոցներ, սակայն հարվածների անմիջական թիրախները սահմանում է բացառապես Կիևը: Միևնույն ժամանակ, ռուսական կողմը նշել է, որ Ուկրաինայում աշխատում են մեծ թվով ՆԱՏՕ-ի ռազմական հրահանգիչներ։
ԶԱԽԱՐՈՎԱՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԳՈՒՏԵՐԵՇԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Զապորոժիեի ատոմակայանի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի դիրքորոշումը հարցեր է առաջացնում՝ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի արդյունքները: «Ուկրաինայի ղեկավարությանն ուղղված ոչ մի ուղերձ նա չհնչեցրեց։ Նա կա՛մ ի վիճակի չէ, կա՛մ չի ուզում ընդունել իրականությունը»,- նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:
Զախարովան ընդգծել է, որ ամռան սկզբին Գուտերեշի և գլխավոր քարտուղարության պատճառով է ձախողվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) համաձայնեցված և նախապատրաստված առաքելության այցը ատոմակայան: ՌԴ ԱԳՆ-ում կարծիք են հայտնել, որ նոր այցի նախապատրաստման դեպքում իրավիճակը կարող է կրկնվել: Ավելի վաղ Անտոնիու Գուտերեշը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Զապորոժիեի ատոմակայանի շուրջ և դուրս բերել ռազմական անձնակազմն ու տեխնիկան ատոմակայանի տարածքից: