Գյումրիում երիտասարդների տոնը նշել են մեծամասշտաբ միջոցառումներով։ Տեղեկատվական կենտրոնի դահլիճում անցկացվել է «Արժեք ստեղծող երիտասարդ» խորագիրը կրող Երիտասարդական Չկոնֆերանսը։ Առաջին մասում կարևորվել է Քաղաքական և քաղաքացիական կյանքին երիտասարդների մասնակցությունը:
Արթուր Նաջարյան (Գյումրու երիտասարդական նախաձեռությունների կենտրոնի ղեկավար) - Երիտասարդները նոր ձևով մտածող, լայնախոհ, կրեատիվ և ստեղծարար անձինք են։ Այս օրը կարելի է օգտագործել և խոսել երիտասարդների հիմնախնդիրներից: Անդրադառնալով այն հնարավորություններին, որ այսօր առկա են, և մենք պարտավոր ենք ստեղծել, որովհետև պետության զարգացման չափորոշիչներից մեկը երիտասարդների զարգացումն է։
Երիտասարդությունը պետք է լինի զարգացման ու փոփոխությունների հիմքը։ Երիտասարդների ներգրավումը մարզի զարգացմանը նշանակում է նոր թարմ մտքեր, գաղափարներ։
Նազելի Բաղդասարյան (Շիրակի մարզպետ) - Թվում է՝ մարզերում երիտասարդները ակտիվ չպետք է լինեն, այնինչ, հակառակը, մարզերում շարժիչ ուժ կա: Ես հիշում եմ՝ տարիներ առաջ, երբ երիտասարդական քաղաքականության մասին ուսումնասիրություններ էին իրականացվում Շիրակում և Գյումրիում, շատերը բարի նախանձով նայում էին մեզ։ Այսօր էլ առաջինն ենք և շարունակում ենք երիտասարդությանը միտված ծրագրեր բերել։ Շատ կարևոր է այս հանգամանքը. տեսնել՝ ինչպես են համագործակցում պետական և ոչ պետական սեկտորը, միայն այդ դեպքում են ծնվում լավ գաղափարներ։
Չկոնֆերանսի երկրորդ հատվածում «Անձնական տվյալների պաշտպանություն», «Սերունդների համերաշխություն» թեմաներով քննարկումներ են եղել: Այնուհետև Տեխնոպարկի մեծ սրահում անցկացվել է «ԷՔՍՊՈ-տոնավաճառ»՝ ուսումնական հաստատություններ և ընկերություններ կրթական և աշխատանքային հնարավորություններն են ներկայացրել:
Մանուշակ Թորոյան (մենեջեր) - Առաջարկում ենք աշխատանք երիտասարդներին: Թիմը, լինելով երիտասարդներից բաղկացած, անընդհատ հնարավորություն է տվել զարգանալու, կրթվելու, աշխատանք ունենալու։ Այս պահին փնտրում ենք երիտասարդ ծրագրավորողների, որոնք ունեն փորձ և ցանկություն՝ աշխատելու մեզ հետ։
Գոհար Վարդանյան (Հայաստանի Ամերիկյան համալսարանի շարունակական կրթական ծրագրի պատասխանատու) - Ներկայացնում եմ դասընթացները, ներառյալ՝ բիզնես, տուրիզմի, անգլերեն։ Ծրագիրը սուբսիդավորված է, մարզերի դիմորդները չնչին մասն են վճարում, գրքերն էլ են անվճար ուսանողների համար։
Երիտասարդներին նվիրված տոնը Գյումրիում ավարտվել է ժամանցային ոչ ֆորմալ միջոցառմամբ։