Ավտոմոբիլ, երկաթուղի, օդային ճանապարհ. լավագույն քառյակը եզրափակում են մայրուղային խողովակաշարային փոխադրումները: Հայաստանում այս բոլոր ուղղություններում աճ է գրանցվել, իսկ ընդհանուր առմամբ բեռնափոխադրումների ծավալը առաջին 5 ամսում աճել է 9.7 տոկոսով: Հիմնական աճն ապահովել են ավտոմոբիլային փոխադրումները՝ 10.1 տոկոս, երկաթուղային փոխադրումները 1.8 տոկոսով են աճել, օդային բեռնափոխադրումներն աճել են 1.6, իսկ մայրուղային խողովակաշարային փոխադրումները՝ 19.1 տոկոսով:
Սոս Խաչիկյան (ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան) - Բեռնափոխադրումների ցուցանիշի այդպիսի աճը, բնականաբար, նշանակում է տնտեսական աշխուժություն, ակտիվություն: Այստեղ կարևոր է նաև դիտարկենք, թե հատկապես որ ոլորտներում է նկատվել բեռնաշրջանառության այդպիսի ծավալների աճը: Հիմնականում կարող ենք ասել, որ ներքին բեռնաշրջանառության ծավալներն են մեծացել:
Սննդամթերք, գյուղմթերք, շինարարական նյութեր՝ այն հիմնական ապրանքներն են, որոնք ազդել են ներքին բեռնաշրջանառության աճի վրա՝ նշում է Սոս Խաչիկյանը:
Սոս Խաչիկյան - Եթե մենք կառուցվածքային առումով դիտարկենք, ապա ավելի շատ ներմուծման վրա է անդրադարձել բեռնաշրջանառության այդ ծավալների աճը, արտահանումը քիչ ծավալներով է ավելացել: Դա, իհարկե, պայմանավորված է նաև արտաքին բավականին լուրջ գործոններով:
Աճը դրական է, բայց եթե ունենանք ավելի լավ ու ավելի բաց ճանապարհներ, ներկա պայմաններում կարելի է կրկնապատկել ցուցանիշը՝ վստահ են ոլորտի ներկայացուցիչները:
Նորայր Գևորգյան (բեռնափոխադրող ընկերության համահիմնադիր) - Որովհետև նաև օդայինի աճ ունենք: Գիտեք, որ այստեղից Հայաստանը նաև տրանզիտ երկիր է դարձել՝ էդ մասով դեպի Ռուսաստան և Ռուսաստանից: Կարծում եմ, որ պիտի ավելի շատ աշխատել, ու էս ցուցանիշները, ինձ թվում է, տարվա երկրորդ կեսում ավելի շատ, ավելի բարձր կլինեն:
Ըստ Նորայր Գևորգյանի՝ լոգիստիկան տնտեսության երակն է, և եթե առաջիկայում նաև լաստանավային փոխադրման հարցը լուծվի, ծավալն ավելի կմեծանա:
Նորայր Գևորգյան - Էս պահի դրությամբ, եթե հաշվի առնենք, որ ռուս-ուկրաինական կոնֆլիկտը գրեթե փակել է ամբողջ եվրոպական և ռուսական սահմանը, հա, շատ քիչ է մնացել այնտեղ, որոնք կարողանում են օգտվել սահմաններից, պետք է ասել, որ այս հարավային ուղղությունը, այսինքն՝ Լարսով դեպի Ռուսաստան ուղղությունը, դարձել է ավելի արդիական ու ավելի ակտուալ, ավելի պահանջված:
Տարվա երկրորդ կիսամյակը, ըստ վիճակագրության, սովորաբար ավելի ակտիվ է բեռնափոխադրումների համար, և ակնկալվում է, որ ներկա տեմպը առնվազն կպահպանվի:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան