Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում Հնդկական և Խաղաղ օվկիանոսների տարածաշրջանների հարցերով համակարգող Կուրտ Քեմպբելը հայտարարել է, որ Չինաստանը շարունակում է «սադրիչ, ապակայունացնող և աննախադեպ» քայլեր անել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան կատարած այցի կապակցությամբ:
Պաշտոնյայի խոսքով՝ Պեկինն ուժեղացնում է ճնշումը Թայվանի նկատմամբ՝ փորձելով փոխել ստատուս քվոն տարածաշրջանում:
Քեմպբելն ընդգծել է, որ Վաշինգտոնը շարունակում է աջակցել Թայվանին և տարածաշրջանում իր դաշնակիցներին։ Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ներկայացուցիչը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է «մեկ Չինաստանի» քաղաքականությանը:
Պաշտոնյան տեղեկացրել է՝ մոտակա շաբաթների ընթացքում ԱՄՆ-ը իր ռազմածովային ուժերի նավերից կուղարկի Թայվանի նեղուց: