ԱՄՆ-Ը ՉԻ ՈՒՂՂՈՐԴՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՄԱՐՏԻ ԴԱՇՏՈՒՄ. ՊԵՆՏԱԳՈՆ
ԱՄՆ-ը Ուկրաինային չի ուղղորդում, թե ինչպես պետք է մարտական գործողություններ վարել Ռուսաստանի դեմ, հարվածների թիրախները որոշում է Կիևը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը Ուկրաինային պարզապես տրամադրում է նրան անհրաժեշտ պաշտպանության միջոցներ, սակայն հարվածների անմիջական թիրախները սահմանում է բացառապես Կիևը: Միևնույն ժամանակ, ռուսական կողմը նշել է, որ Ուկրաինայում աշխատում են մեծ թվով ՆԱՏՕ-ի ռազմական հրահանգիչներ։
ԿՔՆՆԱՐԿՎԻ ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՎԻԶԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԱՐԳԵԼՔԸ
Եվրամիության Խորհրդում նախագահող Չեխիան օգոստոսի վերջին Պրահայում կայանալիք ոչ պաշտոնական հանդիպմանն իր գործընկերների հետ քննարկում է նախաձեռնել՝ Ռուսաստանի քաղաքացիների համար Շենգենյան վիզաների տրամադրման արգելք սահմանելու վերաբերյալ: Այդ մասին հայտնել է France Press գործակալությունը՝ վկայակոչելով Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկուն։
«ԵՄ անդամ բոլոր պետությունների կողմից ռուսաստանցիներին վիզաների տրամադրման ամբողջական արգելքը կարող է ևս մեկ արդյունավետ պատժամիջոց լինել Ռուսաստանի դեմ»,- ասել է նա։ Գործակալության տվյալով՝ Չեխիայի ԱԳ նախարարը նման միջոցի անհրաժեշտությունը պետք է ապացուցի ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելին:
ԶԱԽԱՐՈՎԱՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԳՈՒՏԵՐԵՇԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Զապորոժիեի ատոմակայանի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի դիրքորոշումը հարցեր է առաջացնում՝ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի արդյունքները: «Ուկրաինայի ղեկավարությանն ուղղված ոչ մի ուղերձ նա չհնչեցրեց։ Նա կա՛մ ի վիճակի չէ, կա՛մ չի ուզում ընդունել իրականությունը»,- նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:
Զախարովան ընդգծել է, որ ամռան սկզբին Գուտերեշի և գլխավոր քարտուղարության պատճառով է ձախողվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) համաձայնեցված և նախապատրաստված առաքելության այցը ատոմակայան: ՌԴ ԱԳՆ-ում կարծիք են հայտնել, որ նոր այցի նախապատրաստման դեպքում իրավիճակը կարող է կրկնվել: Ավելի վաղ Անտոնիու Գուտերեշը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Զապորոժիեի ատոմակայանի շուրջ և դուրս բերել ռազմական անձնակազմն ու տեխնիկան ատոմակայանի տարածքից: