Հապալասի մշակությունը հիդրոպոնիկ ջերմատանը աշխարհում լայն տարածում չունի: Այդպիսի առաջին ջերմատունը Հայաստանում նորարարությունների սիրահար «Ագրո բերք» ընկերությունն է հիմնել:
ԱՌԼԵՆ ԴԱՎՈՒԴՅԱՆ («ԱԳՐՈ ԲԵՐՔ» ընկերության հիմնադիր) - Մենք միշտ էլ փորձել ենք մեր գործունեության մեջ ստանդարտներից դուրս մի բան անել: Մեր տարածքը բավականին մեծ ա դրսում, մենք փոքր մասշտաբի վրա ենք սկսել, որ արդյունքները տեսնենք՝ ինչ ա, իսկ ծավալվելու հնարավորություն կա:
Փոքր արմատակալներից այս խիտ ու փարթամ թփերը ստանալու համար երկար ժամանակ ու մեծ ջանք են պահանջվել՝ ասում է ընկերության ագրոխորհրդատուն: Մասնագիտական գրականություն քիչ էր, մնում էր միայն փորձով հասկանալ՝ ինչպես արևադարձային երկրներում աճող հապալասը հարմարեցնել հայաստանյան պայմաններին:
ԳԵՎԻԿ ԴԱՎՈՒԴԻ («ԱԳՐՈ ԲԵՐՔ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱԳՐՈԽՈՐՀՐԴԱՏՈՒ ) - 9-10 ամսական ունենք, էն օրը որ ներս մտավ, մեր մաքսայինից դուրս եկավ, հենց էս ապրանքը մի հատ էսքանոց փոքր ճյուղ էր, էդ ճյուղից ստացել ենք էս, վեգետատիվ շրջանը ստացել ա, առաջին փոքր նվեր բերքը մեզ տվել ա, որ մենք ինքներս օգտվենք:
Ջերմատան 1100 թփերի մի մասն արդեն առաջին բերքն է տվել: Բաց կապույտից սևին խփող, ոչ շատ քաղցր, մի փոքր թթվայնությամբ հապալասը հարուստ է վիտամիններով ու օգտակար հատկություններով:
ԳԵՎԻԿ ԴԱՎՈՒԴԻ - 18-րդ ամսից հետո կստանանք ամեն մեկից մոտավորապես 1 կիլո, 26-րդ ամսից հետո տարեկան՝ 2.5 կիլո ամեն մի հատ բույսից կսկսենք բերք ստանալ, կբարձրանա մինչև 4 կիլո:
Հիդրոպոնիկ եղանակով հապալասի մշակությունը եկամտաբեր է՝ ի տարբերություն ավանդական մշակաբույսերի:
ԱՌԼԵՆ ԴԱՎՈՒԴՅԱՆ - Էսքան տարածքի մեջ դուք վարունգ և պոմիդոր ցանեք, պիտի օրինակի համար մի 1000 դրամով ծախել, կարող եք, օրինակ՝ հապալաս ցանել, որը կարող եք ստանաք մոտավորապես մի 10 անգամ ավել իրա գինը:
Հապալասի ճիշտ մշակության կարևորագույն նախապայմաններից է արմատային համակարգի թթվայնության ապահովումը: Օրինակ՝ Ռուսաստանում տորֆի, քոքոփիթի մեջ են աճեցնում, բայց այստեղ այլ լուծում են գտել:
ԳԵՎԻԿ ԴԱՎՈՒԴԻ - Մենք կտրած ծառերի կեղևը ճնշման տակ եփում ենք, աղում ենք, չորացնում ենք և դարձնում ենք մի հատ իներտ միջավայր, մեր արածն ա էդ իներտ միջավայրը, միայն հատկությունը, որ ունի, թթվային ա՝ 4.2, 4.5 թթվայնություն ա պահում: Մեր հաջողությունը սրա մեջ էն ա, որ մենք կարողացել ենք արմատը պահենք թթվային միջավայրում:
Ամերիկյան Էսմերալդա և Բիլոքսին սորտերին հայկական համ ու հոտ տալու համար առաջիկայում փորձարարական աշխատանքներ են նախատեսվում:
ԳԵՎԻԿ ԴԱՎՈՒԴԻ - Մեր ինվիտրոյի սիստեմը սկսելով, խաչասերումով, մեր տեղական չեռնիկայի արմատակալի վրա ենք որոշում, որ կարողանանք պատվաստ անենք և սկսենք, որ Բլու բերի ստանանք:
Բերքը՝ թարմ, սառեցրած և վերամշակված վիճակում, սկզբում՝ տեղական, ծավալները ավելանալուց հետո՝ դրսի շուկայում կվաճառեն:
Հեղինակ՝ Ծաղկանուշ Միրզոյան