Վերջին վեց տասնամյակների ընթացքում Եվրոպայում հուլիսը դարձել է ամենաչոր ամիսը. 7 անգամ ավելի քիչ տեղումներ են գրանցվել, քան անհրաժեշտ էր բնությանը:
Աննախադեպ բարձր ջերմաստիճանի, սակավ տեղումների հետևանքով նվազել է Հռենոս գետի մակարդակը: Այն հոսում է Շվեյցարիայի, Լիխտենշտայնի, Ավստրիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Նիդեռլանդների տարածքով և համարվում Գերմանիայի «առևտրային զարկերակը». բնապահպանական խնդրի հետևանքով Գերմանիայում կրճատվել են գետով իրականացվող բեռնափոխադրումները, ավելի քան հինգ անգամ աճել` լոգիստիկ ծախսերը: Այս գետով են տեղափոխվում մեծ կարևորություն ունեցող ապրանքներ՝ հացահատիկից մինչև քիմիական նյութեր և ածուխ: Տնտեսագետները կանխատեսում են, որ բնապահպանական խնդիրը լուրջ հետևանքներ է ունենալու Գերմանիայի տնտեսության վրա:
Քրիստիան Հելբախ (Հռենոսի ջրային և մատակարարումների կոմիտեի ներկայացուցիչ) - Նավերով բեռնափոխադրումների համար գետերի խորությունը շատ կարևոր է, դա որոշում է, թե որքան կարելի է բեռնել նավը: Հռենոսի այս վիճակը թույլ չի տալիս ամբողջությամբ բեռնել նավերը, ինչը չափազանց լուրջ խնդրի է վերածվում:
Պիտեր Կլաերեբոյց - (Servia նավի կապիտան) - Եթե պարզ բացատրեմ, սովորաբար նավի տակ լինում է երկու մետր ջուր, հիմա Հռենոսի որոշ հատվածներում ունենում ենք անգամ 40 սանտիմետր ջուր: Մեզ համար խնդիր է անցնել այդ տարածքներով՝ առանց վնասելու նավը: Շատ նավեր պարզապես չեն կարող այլևս նավարկության դուրս գալ:
Ուկրաինական ճգնաժամի հետևանքով առաջացած տնտեսական բազմաթիվ խնդիրների ֆոնին աշխարհի ամենահզոր տնտեսություններից մեկն ունեցող երկրի՝ Գերմանիայի համար սա նոր մարտահրավեր է: Հռենոսով բեռնափոխադրումների գները հասել են 110 եվրոյի մեկ տոննայի դիմաց, ամիսներ առաջ գինը չէր գերազանցում 20 եվրոն: Այս ֆոնին Moody's գործակալությունը կանխատեսել է, որ Հռենոսի ջրի ցածր մակարդակը կբարձրացնի քիմիական արդյունաբերության ընկերությունների ծախսերը:
Իտալիայի ամենաերկար Պո գետի` իտալացիների համար դրոնով արված կադրերը սարսափեցնող են: Ավազե հսկայական ափերի փոխարեն ժամանակին գետի ջրերն էին հոսում: Վերջին 70 տարիների ընթացքում սա ամենավատ ցուցանիշն է. ջրի մակարդակի զգալիորեն նվազել է: Պո գետը, որը հոսում է ավելի քան 650 կիլոմետր արևմուտքից արևելք երկրի հյուսիսով, բնապահպանական լուրջ աղետի առջև է, ինչը, մասնագետների գնահատմամբ, ձմռանը ձյան տեսքով տեղումների պակասի հետևանք է: Օրեր առաջ Իտալիայի կառավարությունը արտակարգ դրություն հայտարարեց Պոյի շրջակա տարածքներում, որոնք, ի դեպ, Իտալիայի մշակվող ամենամեծ գյուղատնտեսական տարածքներն են:
Պո գետի մասնակի ցամաքումից հետո իտալական բանակը գետի ջրերում հայտնաբերել է երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ռումբ. մասնագետները պայթեցրել են 1000 ֆունտ կշռող ռումբը:
Իտալիայում բնապահպանական խնդիրները միայն այս գետով չեն սկսվում և ավարտվում: Երկիրը 1800 թվականից ի վեր առաջին անգամ բախվել է այսօրինակ «չոր եղանակի». Իտալիայի Ազգային հետազոտական խորհրդի կլիմայի վարչության հրապարակած տվյալն է: Իտալիայում տեղումների քանակը նվազել է 46%-ով. երկրի հյուսիսը, ներառյալ Միլանը, ամենաշատն է տուժել: Ջերմաստիճանը երկրի ամբողջ տարածքում շարունակում է բարձրանալ:
Երաշտի առաջացրած աննախադեպ խնդիրներին է բախվում նաև Արևմտյան Եվրոպան՝ գետերում, լճերում և ջրամբարներում ջրի մակարդակը նորմայից չափազանց ցածր է, վտանգված են մի շարք բնակավայրերի խմելու ջրի մատակարարումները, բազմաթիվ սպանալիքներ կան` կապված բերքատվության հետ:
Ֆրանսիայի կառավարությունը հակաճգնաժամային շտաբ է ձևավորում՝ երաշտի հետևանքների դեմ պայքարելու համար։ Հուլիսը դարձել է ամենաչոր ամիսը վերջին վեց տասնամյակների ընթացքում։ Հարյուրից ավելի ֆրանսիական համայնքներ խմելու ջրի հասանելիության լուրջ խնդիրներ ունեն, բերքը վտանգված է։ Ֆրանսիացի մասնագետների համոզմամբ, երկիրը կանգնած է ամենասարսափելի երաշտի վտանգի առջև:
Ֆրանսիական Սեյինթ Նևի լճակի մակերեսին ջրի մակարդակի նվազման հետևանքով հայտնվել են տասնյակ սատկած ձկներ: Ֆրանս-շվեցարական սահմանով հոսող Դուբս գետը գնալով չորանում է, ահազանգում են ֆրանսիացի բնապահպանները:
Անհանգստացած են նաև իսպանացիները: Անձրևների բացակայությունն ու 1961թվականից ի վեր ամենաշոգ եղանակն Իսպանիայի համար նույնպես տհաճ անակնկալներ են մատուցել: Ցամաքող գետեր, ավազաններ, ջրամբարներ: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար երկրի իշխանությունը նոր ռազմավարություն է մշակում:
Տերեսա Ռիբերա (Իսպանիայի Էներգետիկայի նախարար) - Այս տարին չափից շատ չորային է, չափազանց բարդ տարի է մեզ համար: Մենք ապրում ենք կլիմայի անցումային ժամանակաշրջան՝ երկարատև շարունակվող երաշտի պայմաններում: Մենք հիմա հատուկ սցենար ենք քննարկում ու փորձում ճգնաժամի լուծման մի քանի տարբերակ մշակել: Հավատում ենք, որ անձրևներ կգան, ու երաշտի դեմ կհաջողվի արդյունավետ պայքար մղել:
2850 կմ երկարությամբ Դանուբ գետի մակարդակի նվազման մասին ավելի հնչեղ ահազանգելու նպատակով երեկ Greenpeace կազմակերպության ակտիվիստները բողոքի ցույց են անցկացրել Ռումինիայում` հենց գետի չորացած ափերի մոտ: Նրանք կոչ են արել կառավարությանը ուշադրությունը կենտրոնացնել կլիմայի փոփոխության վրա ու նվազեցնել գետ արտանետումները: Ռումիանիայի ջրի կառավարման գործակալության տվյալների համաձայն՝ ռեկորդային բարձր ջերմաստիճանը, երաշտը և անտառահատումները լուրջ վտանգներ են ստեղծել Ռումինիայի տարածքում հոսող գետերի համար:
Նիդեռլանդների իշխանությունները քաղաքացիներին կոչ են անում հնարավորինս խնայել ջուրը՝ ավելի քիչ ժամանակ անցկացնել լոգարանում, չլվանալ մեքենաները և չջրել սիզամարգերը։ Մի քանի օր առաջ թագավորությունում ստեղծվել է հակաճգնաժամային խումբ, որն անհրաժեշտության դեպքում կկարգավորի ջրի բաշխումը։ Երկրի գետերից շատերն այնքան են ծանծաղել, որ պոմպերն այլևս չեն կարող աշխատել: