Երիտասարդության միջազգային օրը նշվել է ՀՀ ամբողջ տարածքում․ կիզակետում «Երիտասարդական մայրաքաղաք» Հրազդանն էր։
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ 2000 թվականից օգոստոսի 12-ը նշվում է որպես Երիտասարդության միջազգային օր:
Այս տարի այն կրում է «Սերունդների համերաշխություն. ստեղծելով աշխարհ՝ բոլոր տարիքի մարդկանց համար» խորագիրը:
Հայաստանի Հանրապետությունը նույնպես նշում է Երիտասարդության միջազգային օրը՝ կարևորելով երիտասարդության դերն ու նշանակությունը հանրության և պետության զարգացման ու առաջընթացի գործում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հրազդանի համայնքապետարանի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, The Body Shop-ի, ինչպես նաև «Երեխայի և ընտանիքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի համատեղ ջանքերով օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել «Երիտասարդական մայրաքաղաք» ճանաչված Հրազդան քաղաքում:
Միջոցառումներին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան, Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը։
Նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է երիտասարդներին այս լուսավոր տոնի կապակցությամբ՝ առանձնակի նշելով հրազդանցի երիտասարդներին․ «Քանի որ ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք է հռչակվել Հրազդանը, ուստի առանձնահատուկ շնորհավորում եմ հրազդանցի երիտասարդներին․ դուք համայնքի ղեկավարության հետ սերտ համագործակցությամբ կարողացաք ապացուցել, որ արժանի եք «Երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսին։ Մաղթում եմ, որ հետայսու ևս լինեք այդպես համախմբված, նախանձախնդիր և ապահովեք այս տարվա ընթացքում իրականացվող երիտասարդական միջոցառումների շարունակականությունը»։
Նախարարը կոչ է արել բոլոր երիտասարդներին լինել նորարար ցանկություններում և նպատակներում, համարձակ՝ որոշումներում և հետևողական՝ գործողություններում։ Նա վստահություն է հայտնել, որ պետությունը երիտասարդների հուսալի աջակիցն է․ «Երիտասարդության ոլորտում կատարված ցանկացած ներդրում համարվում է ներդրում վաղվա օրվա, լավ ապագա ունենալու գործում։ Ըստ այդմ՝ վստա՛հ եղեք, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է իրականացնել բազմաթիվ երիտասարդական ծրագրեր՝ միտված երիտասարդների ներուժի բացահայտմանը, հնարավորությունների ու կարողունակությունների զարգացմանը, ինքնադրսևորման համար նպաստավոր միջավայրի ձևավորմանը և հատկապես մարզային երիտասարդության ինքնիրացման համար համապատասխան պայմանների ստեղծմանը»։ ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան ևս շնորհավորել է Երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ։ Նա հատկապես կարևորել է ավագ սերնդի և երիտասարդների համատեղ մասնակցությունը միջոցառումներին, ինչին ականատես է եղել Հրազդանում, և ինչն էլ հենց համահունչ է այս տարվա խորագրին՝ «Սերունդների համերաշխություն. ստեղծելով աշխարհ՝ բոլոր տարիքի մարդկանց համար»։
Ըստ ՄԱԿ-ի ներկայացուցչի՝ համերաշխությունը և համագործակցությունը շատ կարևոր են՝ դիմակայելու ապագայի մարտահրավերներին և համատեղ ջանքերով հասնելու ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին։ Միջոցառման ընթացքում ներկաներին համառոտ ներկայացվել է տեսանյութ-հաշվետվություն՝ պետական աջակցությամբ երիտասարդական ոլորտում իրականացված ծրագրերի վերաբերյալ։
Ի լրումն՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ևս ներկայացրել է երիտասարդական պետական քաղաքականության գերակա ուղղությունները, պետական աջակցության առանցքային ծրագրերը։ Նա հատկապես ընդգծել է դրամաշնորհային հատկացումները, որոնք ուղղված են երիտասարդների կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, արտերկրում երիտասարդական միջոցառումներին մասնակցության ծախսերի փոխհատուցմանը, որի նպատակն է խրախուսել երիտասարդների մասնակցությունը միջազգային ծրագրերին՝ փորձի փոխանակման, նոր հմտությունների ձեռքբերման տեսանկյունից։ Նախարարի տեղակալը կարևորել է նաև միջազգային կառույցների հետ համագործակցությունը՝ ի դեմս ՄԱԿ-ի և վերջինիս հայաստանյան ներկայացուցիչների։
Արթուր Մարտիրոսյանը երիտասարդներին կոչ է արել նաև ակտիվորեն մասնակցել առաջիկայում Հայաստանում անցկացվելիք STARMUS գիտության, արվեստի ու երաժշտության 6-րդ միջազգային փառատոնին, որն աննախադեպ իրադարձություն է բոլորիս համար։
Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը որպես հյուրընկալող կողմ ևս ողջունել է երիտասարդներին և վստահեցրել, որ համայնքը մշտապես պատրաստակամ է լսելու և աջակցելու նրանց նախաձեռնություններին։
Ըստ համայնքապետի՝ իրենք շարունակելու են իրենց գործունեությունը՝ ի նպաստ համայնքի զարգացման և երիտասարդական կյանքի ակտիվացման։ Միջոցառման շրջանակում երիտասարդական տարբեր կազմակերպություններ առանձին տաղավարներով հյուրերին ներկայացրել են իրենց գործունեությունն ու անցած ճանապարհը, նպատակներն ու անելիքները աշխատաշուկա, կրթություն, նոր հմտությունների ձեռքբերում, կամավորություն և այլ ոլորտներում։ Ոգևորված հրազդանցի երիտասարդները վստահեցրել են, որ իրենց ակտիվությամբ և նախաձեռնողականությամբ հարազատ քաղաքի կյանքի աշխուժացմանը կնպաստեն ոչ միայն «Երիտասարդական մայրաքաղաքի» ժամանակաշրջանում, այլև հետագա տարիներին։
Օրվա շրջանակում կանցկացվեն քննարկումներ, ինտերակտիվ խաղեր, վարպետության դասեր, շրջայցեր Հրազդանի տեսարժան վայրերով, իսկ երեկոն կամփոփվի Nemra խմբի համերգով։
Երիտասարդների միջազգային օրը տարաբնույթ միջոցառումներով նշվել է նաև ՀՀ մյուս մարզերի համայնքներում։