ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Fly Arna ընկերության գործադիր տնօրեն Էնթոնի Փրայսին և ընկերության կոմերցիոն բաժնի տնօրեն Կարինե Անդրեասյանին։ Այդ մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:
Նախարարը ողջունել Հայաստանի ազգային ավիափոխադրողի մեկնարկը և հաջողություններ է մաղթել հետագա գործունեության մեջ։
Հանդիպման ժամանակ Էնթոնի Փրայսը նախարարին է ներկայացրել ընկերության՝ շուկա մուտք գործելու առաջին քայլերը, գործունեության ընթացքում ի հայտ եկած խնդիրները, ինչպես նաև ընկերության հետագա զարգացման ուղղված քայլերի հաջորդականությունը։ Fly Arna ընկերության գործադիր տնօրենը նախարարին տեղեկացրել է, որ մինչև տարեվերջ նախատեսում են ևս 2 Airbus A320 մոդելի ինքնաթիռ ներգրավել ավիաընկերության գործունեության համար։
Նախարարին է ներկայացվել նաև այս տարվա սեպտեմբեր ամսից ՌԴ շուկա մուտք գործելու հեռանկարները։ Նախարար Սանոսյանն առաջարկել է դիտարկել թռիչքների աշխարհագրությունն ընդլայնելու հնարավորությունները, ինչպես նաև հատուկ ուշադրություն դարձնել ուղևորների սպասարկման որակին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտորեն համագործակցել նաև ՀՀ ավիաընկերությունների՝ եվրոպական ուղղությամբ թռիչքների իրականացման սահմանափակումների վերացման հարցում։ Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։