ԱՎԵԼԻ ՔԱՆ 2,7 ՄԼՐԴ ԴՐԱՄ՝ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Այսօր, ամենաուշը՝ վաղը, Տաթև-Աղվանի ճանապարհին առաջացած փոսերն արդեն չեն լինի, ծանր տեխնիկան սկսել է ասֆալտի երրորդ շերտը փռել՝ գործադիրի նիստին զեկուցեց ոլորտային նախարարն ու ճանապարհի 17.5 կմ-ն ավարտական տեսքի բերելու համար բյուջեից հավելյալ գումար խնդրեց:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Երրորդ շերտի ասֆալտապատման գործընթացը սկսվել է, մոտ 5,8 կիլոմետր արդեն արվել է։ Եթե հասցնենք, հաջորդ Կառավարության նիստում մյուս շինարարական ընկերությանը գումար կհատկացնենք այնտեղի վերջին շերտի համար, և այս ընթացքում չի բացառվում, որ եթե որոշ տեղերում էլի խնդիրներ ծագեն, շինարարները դրանք հընթացս կշտկեն ու վերջին շերտը կտեղադրեն:
Հատկացումը 2 միլիարդ 734 միլիոն է, դրանով կնորոգվի ոչ միայն Տաթև-Աղվանին, այլև Ստեփանավան-Յաղդան, Սիսիան-Դաստակերտ հատվածները: Խոսելով Սյունիքից՝ վարչապետը հիշեցրեց, որ Տաթև-Աղվանին ի սկզբանե որպես միջհամայնքային ճանապարհ էր կառուցվել, արագ էր շահագործվել, ու դրա արդյունքում էին նաև առաջացել լուրջ խնդիրները: Սանոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք հարցին հիմնային լուծում տալուց հետո կարո՞ղ ենք վստահ լինել, որ այն անխոչընդոտ կսպասարկի նաև բեռնատարներին: Նախարարը 90 տոկոսանոց երաշխիք տվեց:
Գնել Սանոսյան - Որոշ տեղեր կարող են լինել, բայց տոկոսային առումով շատ քիչ, և ենթադրում ենք՝ երրորդ շերտի տեղադրումը այդ առումով հարցը կկարգավորի, ու նաև գիտեք՝ կշեռքների համակարգը, որ հիմա կիրառվում է, եթե այդ հատվածով անցնող բեռնատարներն արդեն շատ գերբեռնված չլինեն, որովհետև հիմնականում ճանապարհը շարքից դուրս էր եկել Կապանից Երևան եկող ուղղությունը, ոչ թե՝ հակառակ:
Սիսիանում կշեռքը տեղադրված է, երկրորդն էլ շուտով կլինի: Վարչապետը նկատեց՝ գերբեռնված մեքենաների հարցը լուծելու որոշումը որոշ տնտեսվարողների համար անհանգստության առիթ է դարձել:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մեր ամենակարևոր եզրակացությունն այն է, որ մեր երկրում պետք է գոյություն ունենան ստանդարտներ, ընդհանրապես ամեն ինչի ստանդարտ, այդ թվում նաև բեռնափոխադրումների ստանդարտ, և այս կշեռքների տեղադրման պրոցեսը դրա ամենակարևոր բաղադրիչն է, որ ստանդարտ լինի: Լավ, ի վերջո, մեր ճանապարհներով ինչպե՞ս կարելի ա երթևեկել:
Ծանր բեռնատարների համար մեկ այլ՝ Մ2-ից Նորավանով Շամբ գնացող ճանապարհն էլ կարող է շահագործելի դառնալ, եթե ևս մեկ շերտ ասֆալտ արվի. քննարկումներն ընթացքի մեջ են՝ տեղեկացրեց Սանոսյանը: Նախարարը, սակայն, մտահոգված է վերջնաժամկետին հնարավոր է չհասնի Շամբից Լծեն գնացող նեղ հատվածի հարմարեցումը, թեև պայմանագիրը կա, գումարը հատկացվել է: Խնդրին վարչապետն արձագանքեց՝ պետք է բարեփոխել պետական գնումների համակարգը, որ մրցույթը հաղթող ընկերության գերծանրաբեռնվածության պատճառով գործը չկանգնի:
Նիկոլ Փաշինյան - Մենք պատվերներ ունենք, որ էսօր մտավախություն կա, որ էլի մրցույթ է լինելու, մեկը հաղթելու է, ու էլի չի իրականացվելու, որովեհտև տեսնում ենք՝ ինչքան են ծանրաբեռնված էս բուֆերները: Պետք է մտածենք, անպայման ինչ-որ մի բան անենք:
Գնել Սանոսյան - Վերջերս բոլորին հրավիրել ենք նախարարություն, ասել ենք՝ էն երևույթը, որ ձեզ կթվա, որ դեկտեմբերին կներենք, որ էս ամառ չաշխատեցիք, և ծրագիրը կտեղափոխենք 23 թվական, էդպես չի լինելու, կպատժենք, պայմանագիրը կդադարեցնենք, կգնան «սև ցուցակ» և այլն:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԻՆՏԵՆՍԻՎ ԱՅԳԻՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ
Զեկուցվող մյուս հարցով Կառավարությունը որոշեց՝ 2023-ի հունվարի 1-ից նվազեցնելու է պետության մասնակցության չափը ինտենսիվ այգիների հիմնման նպատակով տրամադրվող փոխհատուցումների ու վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում: Էկոնոմիկայի նախարարը պատճառը բացատրեց, ասաց՝ սա հաջող ընթացող ծրագրերից է, 2021-ին նախատեսված 1000 հա ինտենսիվ այգու փոխարեն մոտ 1670 հա է հիմնվել, իսկ այս տարի արդեն՝ 90 հա հայտ ունեն։ Քերոբյանը վստահ է՝ անգամ այս որոշման պարագայում հետաքրքրությունը կմնա բարձր, իսկ Կառավարությունը գումարը կուղղի այլ թիրախային ճյուղերին:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Դա մեզ թույլ է տալիս փոքր-ինչ մեղմացնել օժանդակության պայմանները՝ նախկինում 2 տոկոս էֆեկտիվ վարկային տոկոսադրույք ապահովելու փոխարեն՝ այժմ մի փոքր քիչ են սուբսիդավորելու, և ապահովելու ենք 5 տոկոս էֆեկտիվ վարկային տոկոսադրույք, իսկ նախկինում 50 տոկոսի հետվճարային բաղադրիչը դառնալու է 30 տոկոս:
Վարչապետն էլ հիշեցրեց՝ սա ՔՊ-ի նախընտրական ծրագրերից էր, որը հաջողությամբ իրականացվում է: Գյուղատնտեսական տարվա ավարտին ընդառաջ փոփոխվեց նաև աշնանացանի սուբսիդավորման ծրագիրը: Եթե գյուղացին իր հողում հավաստագրված սերմացու կցանի, ամեն հեկտարի դիմաց Կառավարությունը նրան 120 հազար դրամ կհատկացնի, չհավաստագրված սերմացուի դեպքում սուբսիդիան 70 հազար կլինի՝ մանրամասնեց նախարարը: Ասաց՝ ծրագիրը կգործի բոլոր մարզերում, բացառությամբ՝ Արմավիրի ու Արարատի:
Վահան Քերոբյան - Մեր խնդիրն է՝ հնարավորինս շատ աշնանացան ցանվի՝ հաշվի առնելով պարենային անվտանգության գլոբալ իրավիճակը:
ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Վերջին հարցով էլ գործադիրը հաստատեց հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգն ու պայմանները: Շահառուներն, ըստ նախնական հաշվարկների, 2450-ն են: Այն անձինք են, որոնք ունեն հենաշարժական, տեսողական, հոգեկան, մտավոր խնդիրներ, ու որոնց ընտանիքը հաշվառված է անապահովության համակարգում՝ զեկուցեց ոլորտային փոխնախարարը:
Աննա ժամակոչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Անձնական օգնական կարող է լինել ցանկացած չափահաս անձ, որը կանցնի վերապատրաստում և կհավաստագրվի։ Անձնական օգնական կարող է լինել նաև հաշմանդամություն ունեցող անձի ընտանիքի անդամը: Սա շատ կարևոր է այն դեպքերում, երբ հաշմանդամություն ունեցող անձն ունի 10 ժամից ավելի ծառայություն ստանալու կարիք:
Ծրագիրը կսկսի գործել 2024 թ. հունվարի 1-ից: 2023-ը փորձնական կլինի, հենց հաջորդ տարի հաշմանդամություն ունեցողները կանցնեն ֆունկցիոնալության գնահատում՝ ասաց Ժամակոչյանը։ Ըստ նրա՝ անձնական օգնականը կվարձատրվի ժամավճարով՝ ժամը 1050 դրամ։ Մեկ այլ հարցով էլ սահմանվեց խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը, որն այս խոցելի խմբերի համար կբացառի խտրականությունը աշխատավայրում և ուսումնական հաստատություններում: Հաշմանդամություն ունեցող անձը կարող է պահանջել, իսկ գործատուն պարտավոր է նրա համար ապահովել հարմար պայմաններ՝ սկսած աշխատանքային ժամերից, վերջացրած միջավայրի հարմարեցումով: