Լոռու Տաշիր համայնքում 29 հեկտարի վրա շուտով հիմնվելու է ագրոարդյունաբերական նոր խոշոր համալիր:
Պարենային անվտանգության ապահովմանն ուղղված ներդրումային այդ ծրագրի հիմնարկեքը տրվել է նախորդ շաբաթվա վերջին:
Այն իրականացնում է «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը՝ Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ: Բյուջեն կազմում է 32 միլիոն դոլար, որից 25-ը տրամադրելու է բանկը:
Նոր ֆերման նախատեսված է լինելու 1200 խոշոր եղջերավոր կենդանու և 580 գլուխ խոզի համար, ունենալու է սեփական սպանդանոցն ու կերախառնուրդի արտադրությունը: Հիմնարկեքի միջոցառմանը ներկա է եղել նաև Էկոնոմիկայի նախարարը:
Վահան Քերոբյանը շեշտել է՝ Կառավարությունը պատրաստ է աջակցել խոշոր ներդումներին, որոնք զարգացնելու են ոլորտն ու ստեղծելու են նոր աշխատատեղեր:
«Այսօրվա այս ծրագիրը շատ մեծ ազդեցություն է ունենալու գյուղատնտեսության արտադրողականության, գյուղատնտեսական ապրանքների որակի բարձրացման իմաստով, ինչպես նաև նոր նշաձող է սահմանելու գյուղատնտեսության և գյուղատնտեսական ստանդարտների մեջ»,- ասել է Վահան Քերոբյանը: