Օգոստոսի սկզբից Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ խախտելով կրակի դադարեցման մասին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ագրեսիա են ձեռնարկել ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում, այդ թվում՝ հարվածային ԱԹՍ-ների ներգրավմամբ, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Իրավիճակը տարածաշրջանում մնում է Մոսկվայի ուշադրության կենտրոնում՝ «Լուրեր»-ի հարցին ի պատասխան հայտարարեց ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրենը:
Իվան Նեչաև (ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն) - Օգոստոսի 4-ին ՌԴ ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ՝ կոչ անելով երկու կողմերին՝ ցուցաբերել զսպվածություն, պահպանել հրադադարի ռեժիմը: Վերահաստատում ենք բոլոր հարցերի կարգավորման անհրաժեշտությունը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններին համապատասխան:
Եռակողմ հայտարարությամբ նախատեսված է, որ երեք տարվա ընթացքում որոշվելու է Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման ծրագիրը։ Ադրբեջանը, սակայն, պահանջում է Արցախի և Հայաստանի միջև երթևեկությունը կազմակերպել արդեն նոր երթուղով։ Առանց համապատասխան պլանի՝ նման պահանջը և ուժի սպառնալիքներն արդյոք չե՞ն վտանգում տարածաշրջանի փխրուն խաղաղությունը։
Իվան Նեչաև - Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է կարգավորվի 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետին համապատասխան: Այն նախատեսում է, որ կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում կորոշվի Լաչինի միջանցքով շարժման նոր երթուղու կառուցման ծրագիրը, որը կապահովի կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև՝ հետագայում այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերատեղակայմամբ:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավաստիացնում է՝ Մոսկվան մշտական կապի մեջ է կողմերի հետ: Նեչաևը հիշեցրեց, որ օգոստոսի 2-ին և 8-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ադրբեջանցի և հայ գործընկերների հետ շփումներ են ունեցել արտգործնախարար Լավրովը և պաշտպանության նախարար Շոյգուն։ Նրա խոսքով՝ բոլոր հարցերը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը, խորհրդակցությունների առարկա են՝ ադրբեջանական և հայկական կողմերին գոհացնող լուծումներ գտնելու նպատակով: Հաշվի առնելով խնդրի զգայունությունը՝ ռուսական կողմը նպատակահարմար չի համարում հրապարակել քննարկումների մանրամասները։
ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՀԱՍՑԵԻՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԱՐԱՑԻ ՉԷ. ՆԵՉԱԵՎ
Իվան Նեչաև - Քաղաքական ինտենսիվ շփումների հետ մեկտեղ ակտիվ շարունակվում է աշխատանքը նաև ռուս խաղաղապահների կողմից, որոնք անհրաժեշտ ջանքեր են գործադրում տեղում իրադրության կայունացման համար: Ե՛վ Բաքվում, և՛ Երևանում ավելի վաղ բազմիցս նշել են ռուսական խաղաղապահ զորախմբի կարևոր դերը: Ռուս խաղաղապահների հասցեին հնչող առանձին քննադատություններն արդարացի չեն:
Մոսկվան նախատեսում է մինչև օգոստոսի վերջ կազմակերպել բարձր մակարդակի եռակողմ շփումներ: Հնարավոր հանդիպման վերաբերյալ մանրամասներ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրենը խոստացավ հայտնել ավելի ուշ:
Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունում գտնում են, որ Ադրբեջանի և Եվրամիության միջև ստորագրված՝ գազի մատակարարման ծավալների մեծացման մասին փաստաթուղթը չի հակասում Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև 2022 թ. փետրվարի 22-ի դաշնակցային փոխգործակցության հռչակագրի դրույթներին:
Իվան Նեչաև - Վերջին տարիներին Ադրբեջանը զգալի թռիչք է կատարել սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ: Դա, իհարկե, մեծացնում է միջազգային ներդրողների հետաքրքրությունը երկրի նկատմամբ: Մոսկվան ու Բաքուն հենվում են վառելիքային-էներգետիկ ոլորտում բազմամյա արդյունավետ համագործակցության փորձի վրա: Երկու երկրների օրակարգում առևտրատնտեսական համագործակցության երկարաժամկետ պայմանագրերի կյանքի կոչումն է, ինչպես նաև նոր ներդրումային ծրագրերի մշակումը:
Նեչաևի խոսքով ցանկացած պետություն իրավունք ունի որոշել՝ ում հետ և ինչպես զարգացնել հարաբերությունները, այդ թվում՝ նավթագազային ոլորտում: