ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ ԿԱԽՎԱԾ Է ՌԴ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻՑ
Որքան հզոր լինեն Ուկրաինայի զենքերը, որքան մեծ լինի դրանց կիրառման հեռահարությունը, այնքան արագ կավարտվի պատերազմը։ Այդ մասին հայտարարել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին տեսաուղերձում։
Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների ավարտը կախված է նաև Ռուսաստանի մարդկային կորուստներից:
Զելենսկին դիմել է ռուսական կողմի վերահսկողության տակ հայտնված տարածքների բնակիչներին՝ կոչ անելով նրանց՝ ուկրաինացի զինվորականներին և հատուկ ծառայություններին կարևոր տեղեկություններ հաղորդել:
ՌԴ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԱՆՏԵՍԵԼ. ՊԵՍԿՈՎ
Շատ երկրներ հակառուսական պատժամիջոցների հարցում անցնում են խելամտության սահմանները, բայց Ռուսաստանի գոյությունը չի կարելի անտեսել, քանի որ դա հնարավոր չէ:
Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարն այդպիսով մեկնաբանել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի որոշումը՝ զրկելու գեղասահորդներ Մարգարիտա Դրոբյազկոյին և Պովիլաս Վանագասին պետական պարգևներից: Վերջիններս Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ժամանակ հանդես են եկել Սոչիում:
«Իսկապես, մենք տեսնում ենք, որ շատ երկրներ անցնում են խելամտության սահմանները։ Կարելի՞ է արդյոք անտեսել Չայկովսկուն։ Չի կարելի։ Կարելի՞ է արդյոք անտեսել Ռուսաստանին։ Չի կարելի։ Դա պարզապես անհնար է», - ասել է Պեսկովը։
ԹԱՅՎԱՆԻ ՆԵՂՈՒՑՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ ՉԺՀ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակը հայտնել է, որ Թայվանի շուրջ օդային և ջրային վեց գոտիներում անցկացվող զորավարժությունները պաշտոնապես ավարտվել են: Պեկինը հայտարարել է, որ Թայվանը Չինաստանի տարածքի մի մասն է, և Չինաստանը սովորական զորավարժություններ է անցկացնում սեփական տարածքային ջրերում:
Ռազմական միջոցառումն անցկացվել է՝ ի պատասխան ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան կատարած այցի: Զորավարժությունների ընթացքում չինական ինքնաթիռները հատել են Թայվանի նեղուցի պայմանական միջին գիծը՝ ոչ պաշտոնական սահմանը, որն օգնում է կանխել երկու կողմերի միջև պատահական բախումները: