ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ՄԻԼԻԱՐԴՆԵՐ ԿՊԱՀԱՆՋԻ. ՇՈԼՑ
Ուկրաինայի վերականգնումը միլիարդներ կպահանջի և ավելի մասշտաբային հարց կլինի, քան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայի վերականգնման այսպես կոչված «Մարշալի ծրագրի» իրագործումը: Նման կարծիք է հայտնել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Ավելի վաղ նույնպես Շոլցը նշել էր, որ Ուկրաինայի վերականգնումը կդառնա «սերունդների խնդիրը»։ Շոլցը նաև հայտարարել է, որ ներկայում քննարկվում է ռուսական նավթի առավելագույն գների հաստատման հարցը՝ նշելով, որ այդ ոլորտում որոշակի առաջընթաց կա:
«Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե կազմակերպվի գլոբալ մակարդակով: Քննարկումները շարունակվում են, տեխնիկական մեծ բարդությունների պատճառով դրանք դեռ չեն ավարտվել»,- ասել է Գերմանիայի կանցլերը:
ԷՍՏՈՆԻԱՆ ՈՐՈՇԵԼ Է ՓԱԿԵԼ ՍԱՀՄԱՆԸ ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Էստոնիան որոշել է փակել սահմանը Ռուսաստանի քաղաքացիների համար, որոնց ավելի վաղ հանրապետությունը Շենգենյան վիզա է տրամադրել, հատնել է այդ երկրի ԱԳՆ-ն: Այդ որոշումը կվերաբերի ՌԴ 50 հազար քաղաքացու:
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչն էլ նշել է, որ Եվրամիության երկրները քննարկում են ռուս զբոսաշրջիկներին վիզաների տրամադրման հնարավոր դադարեցման հարցը: Նրա խոսքով՝ Միության երկրները պետք է վիզա տրամադրեն քաղաքացիների որոշակի խմբերի՝ ԵՄ քաղաքացիների ընտանիքի անդամներին, լրագրողներին, հումանիտար ոլորտի աշխատողներին։
ԼԱՏՎԻԱՆ ՌԴ-Ն ՃԱՆԱՉԵԼ Է ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Լատվիայի Սեյմը հայտարարություն է ընդունել, որով Ռուսաստանը ճանաչել է «ահաբեկչությունը հովանավորող պետություն», իսկ Ուկրաինայում հատուկ գործողությունը՝ «ահաբեկչություն»: Այդ մասին հայտնել են Սեյմի մամուլի ծառայությունից: Պաշտոնական հայտարարության մեջ պատգամավորները կոչ են արել մեկուսացնել Ռուսաստանին միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններից, պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ:
Լատվիայում Եվրամիության պետություններին հորդորել են նաև անհապաղ սահմանափակել մուտքի արտոնագրերի տրամադրումը Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին:
Բալթյան երկրի որոշման արձագանքել է ՌԴ ԱԳՆ-ն: «Լատվիայի իշխանությունների որոշումը` Ռուսաստանն «ահաբեկչությունը հովանավորող պետություն» ճանաչելու վերաբերյալ, վկայում է այն մասին, որ Մերձբալթյան հանրապետության քաղաքականությունը կառուցվում է «այլատյացության» վրա, իսկ նրա գաղափարախոսները «նեոնացիստներ» են»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նաև հիշեցրել է, որ օգոստոսի սկզբին արդեն մեկնաբանել է Ռուսաստանին մեղադրելու Ռիգայի ցանկությունը: Այդ ժամանակ դիվանագետը Լատվիայի իշխանությունների որոշումը «թշնամական ակցիա» էր անվանել, ինչպես նաև հավելել էր, որ Լատվիայի ռուսատյացությունն արդեն հանգեցրել է այդ երկրում ներքին խնդիրների: