Կառավարության նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձավ Վերին Լարսում տիրող իրավիճակին և նշեց, որ արագ փչացող ապրանքների մասով խնդիր չկա, քանի որ դրանք անցնում են առանց հերթի:
«Մյուս ապրանքների մասով խնդիր ունենք: Մենք շարունակում ենք աշխատանքը ռուս գործընկերների հետ, որպեսզի տարբեր ուղղություններով մեծացնենք Վերին Լարսի թողունակությունը»,- ասաց նախարարը:
Վահան Քերոբյանը խոսեց նաև լաստանավային հաղորդակցության մասին:
Նախարարն ավելի վաղ հայտնել էր, որ հունիսի 15-ից կանոնավոր լաստանավային հաղորդակցությունը պետք է սկսեր աշխատել: Նա նշել էր, որ մնացել է ստանալ Փոթիի նավահանգստի օպերատոր հոլանդական ընկերության թույլտվությունները:
«Սպասենք մի քանի օր, և վստահ եմ, որ արդյունքը կլինի: Դա հեշտ հարց չէ, հատկապես որ զուգորդվում է այսպիսի ծանր աշխարհաքաղաքական փոփոխություններով»,- ասաց նա: