Մեկնարկել է Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի հայկական հատվածի շինարարությունը: Ճանապարհաշինական ընկերությունները 6-րդ օրն է` կատարում են հողային աշխատանքներ: Ներքևում կամուրջն է, որտեղից կմիանա ճանապարհը, իսկ մինչև այդ՝ օգոստոսի 25-ից հետո, Արցախի և Հայաստանի ցամաքային կապը կապահովվի այդ հատվածով՝ խճապատ ճանապարհով:
Աղավնո գետի նորակառույց կամրջից այս կողմ՝ դեպի Կոռնիձոր, աշխատում է հայկական 3 ընկերություն: Աշխատանքների հիմնական մասը կատարվում է համայնքի վարչական տարածքում: Ճանապարհաշինարարները խնդիր ունեն 8 ոլորանով միանալ կամրջին:
Գոռ Ավետիսյան (ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն) - Ընդհանուր երկարությունը 11,8 կիլոմետր է՝ շուրջ 11,750: Առաջին տեղամասի երկարությունը 5 կիլոմետր է, երկրորդինը՝ 4, երրորդ տեղամասի երկարությունը՝ 2,8 կիլոմետր:
Այս փուլում աշխատանքները հիմնականում հողային են՝ ասում են տեղամասերի պատասխանատուները: Նախատեսում են մինչև 2023-ի գարնան սկիզբ ավարտել բոլոր տեսակի, այդ թվում` բետոնային աշխատանքները:
Արմեն Խաչատրյան (կապալառու ընկերության տեղամասի պատասխանատու) - Բուսական շերտն ենք հեռացնում, աստիճաններն ենք կառուցում այս հատվածում, նախապատրաստում ենք հատվածը լիցքի: Գրունտներն ուղարկել ենք լաբորատորիա, դրական պատասխան ստանալուց հետո լիցք կկատարենք:
Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհը սկսվում է Ստեփանակերտ - Բերձոր մայրուղու 36-րդ կիլոմետրից՝ Բերդաձորի ենթաշրջանի Մեծ Շենի խաչմերուկից: Նոր ճանապարհի 21-կիլոմետրանոց հատվածը կառուցել է ադրբեջանական կողմը:
Նոր երթուղով այսօր երթևեկել և աշխատանքների ընթացքին ծանոթացել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
Գոռ Ավետիսյան -Պայմանագրում նախատեսում ենք` 240 օրում ավարտենք, որը նախատեսված է մյուս տարվա գարնանը:
Մինչև Կոռնիձոր-Տեղ հատվածի շինարարության ավարտը, Արցախի և Հայաստանի ճանապարհային կապը կգործի Աղավնոն շրջանցող 4,5-կիլոմետրանոց խճապատ ճանապարհով, որն այս օրերին վերակառուցում է Արցախի շինարարական ընկերություններից մեկը: