Ջուրը կյանք է և ապրուստ` հաճախ է կրկնում Խաչարձանից կենսաթոշակառու Աբգար Արզումանյանը; Հիմա ոռոգման ջուրը տնամերձ է հասնում արագ և առատ, բանջարանոցը փարթամ կանաչ է, պարապ հողակտոր չկա: Ջուրը փոխել է նաև ապագայի ծրագրերը․
Աբգար Արզումանյան (Դիլիջան համայնքի Խաչարձան գյուղի բնակիչ) - Հիմա մտածում եմ՝ մալինա և անփուշ մոշ ես չունեմ, դրանք տնկեմ, հետո՝ ինչ կա՝ շատ կցանեմ էլի, կվաճառեմ:
Հիմա ժպիտով է հիշում ոչ վաղ անցյալի ջրային վեճերը, այժմ 2 թաղամասերը, ըստ սահմանված գրաֆիկի, ջուր են ստանում՝ առանց օրերով սպասելու:
Աբգար Արզումանյան - Առաջ ջուրը պակաս էր, բերքը քիչ էր լինում, ջուրը կորուստ էր տալիս ճամփին, իսկ հիմի էս ոռոգման համակարգը ինչ սարքել են, վերևում վինտիլիը բացում ենք, արագ գալիս է, անկորուստ, բոլորին էլ հերիքում է:
Ոռոգման ջուրը հասավ Խաչարձան և Գոշ «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկո համակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ: Երկու գյուղում, ընդհանուր առմամբ, կառուցվել է 3 կմ 775 մ երկարությամբ ոռոգման ցանց; Շինաշխատանքները սկսվել էին 5 ամիս առաջ:
Արմեն Եսոյան (ՀՀ ՇՄՆ ԲԾԻԳ տնօրենի պաշտոնակատար) - Իրականացվել բազմաբաղադիրչ մի ծրագիր, որի կարևորագույն խնդիրներից մեկն էր Գոշ և Խաչարձան գյուղական բնակավայրերում փակ համակարգով ոռոգման ցանցի կառուցումը, որը մեծ հնարավորություն է տալիս գյուղի շահառուներին՝ հարմարվողականության ներուժը բարձրացնել, ստանալ լրացուցիչ և կայուն եկամտի աղբյուրներ:
Երկու գյուղի 45 շահառուները ջրազուրկ թաղամասերի բնակիչներն են: Նախկինում նույն ջուրը բաց առվով էր հոսում, կորուստներով, քչերին էր հասանելի, և շատերը հաճախ խմելու ջուրն էին օգտագործում ոռոգման համար: Նոր ջրագիծը նաև խմելու ջուրն է խնայում:
Գագիկ Շահնազարյան (Դիլիջան համայնքի Խաչարձան գյուղի վարչական ղեկավար) - Նախկինում էդ ջրից օգտվել է 5-10 ընտանիք; Քիչ էր ջուրը հասնում, բնակիչները չէին հասցնում իրենց տնամերձերը ոռոգել, հիմա ամբողջությամբ ոռոգում են:
Այս ծրագրով Գոշում ավելի վաղ հիմնված հատապտղային և պտղատու նոր, ինտենսիվ այգիները ևս կոռոգվեն նոր համակարգով: