ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Զապորոժիեի ատոմակայանի շուրջ անվտանգության շրջան գծել:
«Ես Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի զինված ուժերին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել ցանկացած ռազմական գործողություն ատոմակայանի անմիջական հարևանությամբ և նրա օբյեկտներն ու շրջակայքը չօգտագործել որպես թիրախ»,- նշված է գլխավոր քարտուղարի տարածած հայտարարության մեջ։
Գուտերեշը կողմերին կոչ է արել նաև ԱԷԿ-ից դուրս բերել ցանկացած ռազմական տեխնիկա և անձնակազմ ու զերծ մնալ օբյեկտում ուժերի և տեխնիկայի հետագա տեղակայումից: Դրա փոխարեն պաշտոնյան առաջարկել է հրատապ համաձայնության հասնել ատոմակայանի շուրջ ապառազմականացված անվտանգության շրջան գծելու վերաբերյալ:
Գուտերեշը հավելել է, որ ՄԱԿ-ը շարունակում է լիակատար աջակցություն ցուցաբերել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների այցին Զապորոժիեի ԱԷԿ: