Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը հիասթափություն և դժգոհություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեևի և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության ղեկավար Էրսին Թաթարի հանդիպման կապակցությամբ:
«Այդ գործողությունը հակասում է Կիպրոսի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի ոգուն և տառին, որոնք դատապարտում են «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն» պսևդոպետության անկախության միակողմանի հռչակումը, և որոնք Կիպրոսի Հանրապետությունը ճանաչում են կղզու միակ պետությունը»,- ասված է Կիպրոսի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Կիպրոսի արտգործնախարարը գերատեսչության աշխատակիցներին հանձնարարել է տարբեր հարթակներում ներկայացնել Նիկոսիայի բողոքն այդ կապակցությամբ։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կոնյայում հանդիպել էր Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության նախագահ Էրսին Թաթարին: