100-ից ավելի դպրոցական Հայաստանից ու Արցախից մասնակցում են «Ֆիզմաթ» կամավորական միության կազմակերպած GenerationIT անվճար ճամբարին: 6-12-րդ դասարանցիները կամավորների օգնությամբ ուսումնասիրում են ծրագրավորման հիմունքները, բացահայտում թվային աշխարհը:
Անուշ Սահակյան («Ֆիզմաթ» կամավորական միության նախագահ) - Լինելով ֆիզմաթ դպրոցի սաներ՝ մենք ցանկանում էինք մեր փորձն ու գիտելիքները փոխանցել ավելի փոքր աշակերտների՝ 6-7-րդ դասարանների: Էդպես ծագեց առաջին մաթեմատիկական ճամբարի միտքը: Երկրորդ ճամբարի գաղափարը առաջինի հաջողությունից հետո ծագեց, քանի որ Հայաստանում մեծ պահանջարկ կա STEM ոլորտի և IT ոլորտի մասնագետների:
Մարզաբնակ դպրոցականների մասնակցությունն ապահովելու համար դասընթացներն անցկացվում են նաև առցանց: Ծրագրավորման հիմունքներից մինչև հանրահաշիվ՝ տնային հանձնարարությունները կամավորներն հատ-հատ ստուգում են, պատասխանում դպրոցականների բոլոր հարցերին:
Հովհաննես Մուրադյան (ֆիզմաթ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ) - Մենք համագործակցում ենք MutEx դպրոցի հետ, նրանք վերապատրաստել են մեր կամավորներին: Դասերն ամբողջությամբ անցկացնում են «Ֆիզմաթ» միության կամավորները, ովքեր ֆիզմաթ դպրոցի ավագ դասարանների սաներ են՝ բարձր առաջադիմությամբ, ու այս ֆորմատն ավելի հարմար է երեխաներին դասավանդելու, քանի որ անմիջական կապ է երեխաների և կամավորների միջև, դասերն ավելի սիրով են անցնում:
MutEx համակարգային ծրագրավորման դպրոցը տևական ժամանակ գործակցում է ֆիզմաթի հետ: Տեղեկանալով մաթեմատիկական առաջին ճամբարի մասին՝ միացել է նախաձեռնությանը՝ վերապատրաստելով ծրագրավորման հիմունքներ դասավանդող կամավորներին:
Վահրամ Մարտիրոսյան (MutEx համակարգային ծրագրավորման դպրոցի հիմնադիր) - Դասավանդման պրոցեսին ուշի ուշով հետևում եմ, փորձում ենք ամեն օրվա վերջում ամփոփել, պլանավորել հաջորդ օրը, հասկանալ՝ ինչն էր լավ, ինչը՝ վատ, ինչը կարելի էր լավացնել, բայց պրոցեսը շատ դինամիկ, շատ ճիշտ ուղիով գնում է:
Ճամբարի մասնակիցներից շատերն արդեն կողմնորոշվել են մասնագիտության ընտրության հարցում, իրենց տեսնում են IT ոլորտում:
Տաթևիկ Պետրոսյան (ճամբարի մասնակից) - Անցանք մաթեմատիկայի աշխարհին, ծանոթացանք թվերին, թվային աշխարհին, բայց շատ կարևոր էր էն փաստը, որ մի պահ շեղվեցինք, մեր ազգագրական պարերը սկսեցինք պարել, էդպես հետաքրքիր ժամանց անցկացրինք: Շատ բան հասցրի սովորել ու հասկացա, որ իսկապես ուզում եմ էս ոլորտով շարունակել:
Մենուա Քոչարյան (ճամբարի մասնակից) - Այս ընթացքում սովորել եմ բազում թեմաներ՝ իֆբուլյան հանրահաշիվ, բազմություններ, հաշվարկման համակարգ, կոմբինատորիկա: Երկրորդ ճամբարին ուզեցի խորացնել գիտելիքներս, դրա համար մասնակցեցի:
Նախաձեռնության հեղինակները վստահեցնում են՝ ծրագիրը շարունակական է լինելու՝ իր ներդրումն ունենալով IT ոլորտի ապագա բարձրակարգ մասնագետների պատրաստման գործում:
Հեղինակ՝ Էլեն Սարգսյան